Ախալքալաքիում հանցավոր խումբ է գործում, որը ենթարկվում է Հենզել Մկոյանին. փաստաբան

Ախալքալաքիում տեղի ունեցած միջադեպից հետո երեկ երեկոյան հարցաքննվել է երկու տուժող: Հարցաքննությունը տեղի է ունեցել հիվանդանոցում: Ըստ հետաքննության, հարձակման բոլոր մասնակիցները հարցաքննվելու են:

Տուժածների փաստաբանները պահանջում են վերաորակավորել մեղադրանքը՝ խուլիգանությունը փոխարինելով քաղաքական գործունեությունը խոչընդոտելու ու կազմակերպված հանցավոր խումբ ստեղծելու մասին հոդվածներով:

«Հարձակման հետևանքով վիրավորվածներն ասում են, որ պատճառը քաղաքական հակասություններն են, իրենց վրա հարձակվել են քաղաքական գործունեության պատճառով»,- հայտարարել է փաստաբան Մայա Մումլաձեն:

Գործում ներգրավված մեկ այլ փաստաբան Վախթանգ Իաշվիլիի խոսքով, Ախալքալաքիում հանցավոր խումբ է գործում:

«Ախալքալաքիում կազմակերպված հանցավոր խումբ է գործում, որը ուղիղ ենթարկվում է Հենզել Մկոյանին (Ախալքալաքիից և Նինոծմինդայից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր, խմբ․)»,- հայտարարել է Իաշվիլին: