Ախալքալաքին առնչվող քայլերը ՀՀ-ն պետք է համաձայնեցնի Վրաստանի կառավարության հետ. Փաշինյան

Լուսանկարը՝ ՀՀ կառավարությունից

Շվեյցարիայում հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև Ախալքալաքի մասին։ Նա ասել է, որ Ախալքալաքում ցանկացած քայլ ձեռնարկելիս Հայաստանը դա պետք է համաձայնեցնի Վրաստանի կառավարության հետ:

Հայ համայնքի ներկայացուցիչներից մեկն ասել է, թե Արևմտյան երկներում հայերենի ուսուցման համար ավելի շատ մեթոդաբանության կարիք կա, քան գրքերի, քանի որ գրքերը հրատարակվում են, կարող են իրենք գնել, իսկ մեթոդաբանության բացակայությունը դժվարացնում է աշխատանքը:

«Եթե Ախալքալաքի շրջանի դպրոցները, որոնք ուսուցիչ ունեն, դպրոց ունեն, ամեն ինչ ունեն, բայց նյութական պայմաններ չունեն. երեխաները դպրոց չեն գնում, քանի որ կոշիկ չունեն և այլն, թող իրենց մատիտը, իրենց ամեն ինչը տա Հայաստանը, եթե կարող է` ֆինանսապես օգնի, կամ` Ռուսաստանի ծայրամասային անկյուններին: Իսկ Արևմտյան երկրներում մենք կառնենք, կտպենք գրքերը, մեզ համար (հայերենի ուսուցման — հեղ.) մեթոդաբանությունն է կարևոր», — ասել է ներկայացուցիչներից մեկը:

Ի պատասխան Փաշինյանն ասել է, որ Հայաստանը կարող է ապահովել մեթոդաբանությունը և ուսուցիչների վերապատրաստումը: Փաշինյանը նաև ասել է, որ մեթոդաբանությունը պետք է ամեն տարի թարմացնել. նաև նշել է՝ ՀՀ-ն կարող է պարբերաբար, ամեն տարի կազմակերպել Սփյուռքի հայոց լեզվի ուսուցիչների վերապատրաստում: Հավելել է՝ այդ ամենը ներկայում ևս արվում է, սակայն՝ «չկազմակերպված», ասել է՝ «ավելի կազմակերպված կարվի»:

«Տեսեք, դուք խոսեցիք Ախալքալաքի մասին: Ես ուզում եմ մեր դիրքորոշումն ասել, որ մենք այդտեղ (Ախալքալաքում — հեղ.) որևէ բան Վրաստանի կառավարության հետ չհամագործակցված չենք կարող անել, ուղղակի, չե՛նք կարող: Ինչ անենք՝ պետք է Վրաստանի կառավարությունը համաձայնի, և մենք անենք Վրաստանի կառավարության հետ համաձայնությամբ», — ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ ցանկացած ուրիշ ձևով գործողություն «հարված է Հայաստանի պետական շահերին»: