Ախալքալաքում տրանսպորտի խնդիրը դեռ մնում է օրակարգում: Տրանսպորտի հասանելիության խնդիրը հատկապես ազդում է երիտասարդների կյանքի վրա, քանի որ նրանք չեն կարողանում գյուղերից ազատ տեղափոխվել Ախալքալաք, հաճախել տարբեր հավաքների կամ խմբակների, դասընթացների, ինչպիսիք են՝ պար, երգ, նկարչություն, շախմատ, լեզուների ուսուցում, տարբեր սպորտաձևեր և այլն։
Նշված խնդրի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար «Ալիք-մեդիան» զրուցել է տեղացիների հետ։
«Գյուղում չկա հասարակական տրանսպորտ, Ախալքալաքի ուղղությամբ 2 մեքենա է աշխատում, սակայն շատ անհարմար ժամերի, առավոտյան 9-ին շարժվում են գյուղից, ժամը 1-ին վերադառնում, չենք հասցնում մեր գործերը։ Ցանկություն ունենք երեխաներին ուղարկել տարբեր խմբակների, բայց տրանսպորտ չունենալու պատճառով ոչինչ չենք կարողանում անել, շատ մեծ ֆինանսներ է պահանջում կենտրոն հասնելն ու հետ գալը»,- ասում է Կաջո գյուղի բնակչուհին։
«Ապրում եմ Բարալեթ գյուղում, ճանապարհը ասֆալտապատված է, չենք բողոքում, բայց ունենք տրանսպորտի խնդիր։ Չենք կարող հասնել Ախալքալաք, անել բոլոր գործերն ու հետ վերադառնալ գործող ավտոբուսներով․ շատ վատ գրաֆիկով են աշխատում։ Ամեն տուն իր մեքենան պետք է ունենա, որ կարողանա լիարժեք հասցնել իր գործերը։ Մեզ անհրաժեշտ է հասարակական տրանսպորտ, որը օրը մի քանի անգամ գյուղերից կենտրոն կգնա, բնակիչները կկարողանան ազատ տեղաշարժվել»,- Ալիք Մեդիայի հետ հարցազրույցում ասում է Բարալեթ գյուղի բնակիչը։
Այժմ երկու ավտոբուս է շարժվում գյուղերի ուղղությամբ։
Ագանա-Ախալքալաք, Բեժանո-Ախալքալաք.
(Ագանա-Կաջո-Լոմատուրցխ-Կոթելիա-Արագվա-Ախալքալաք
Բեժանո-Կաջո-Բարալեթ-Կոթելի-Արագվա-Ախալքալաք):
Այս ամենը հատուկ խնդիրներ է ստեղծում ուսանողների համար, քանի որ դեպի Թբիլիսի ավտոբուսի ժամերը երբեք չեն համընկնում գյուղական տրանսպորտի հետ, իսկ կենտրոն հասնելու համար այլ տրանսպորտ է պետք։
Նշենք, որ Ախալքալաքի քաղաքապետարանը 2021 թվականի սեպտեմբերին Թբիլիսիի քաղաքապետարանից ստացել էր երեք դեղին Isuzu մակնիշի ավտոբուս: Ավտոբուսներից մեկի երթևեկության ուղղությունը որոշված էր՝ «Գորոդոկի»-ից մինչև Խոսպիո, իսկ մյուսներինը՝ անորոշ: Ավտոբուսները պետք է երթևեկեին այն ուղղություններով, որտեղ ուղևորների պակաս չէր լինի:
Հարկ է նշել, որ վերոնշյալ ավտոբուսները Թբիլիսիի քաղաքային նախկին ավտոբուսններն են, այլևս չեն օգտագործվում, քանի որ մայրաքաղաքը նորերն է ստացել։ Թբիլիսիից այդ ավտոբուսները հանձնել են այն շրջաններին, որոնք ցանկություն էին հայտնել:
Ախալքալաքի նախկին քաղաքապետ Յուրիկ Ունանյանի խոսքով, ավտոբուսներն ունեն տեխնիկական խնդիրներ, որոնք լուծելուց հետո կգործարկվեն։ Սակայն, պարզվում է՝ ավտոբուսները մինչ այժմ չեն գործում։
«Մենք հարցը քննարկել ենք, գումար է պետք հատկացնել, որպեսզի երեք վարորդի հաստիք բացվի, աշխատավարձ հատկացվի։ Քանի որ այդ ավտոբուսները մենք անսպասելի ստացանք, բնականաբար չունեինք որևէ նախատեսված ծախս»,- ասել է Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանը։
Ախալքալաքի գործող քաղաքապետ Մելքոն Մակարյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասել է, որ Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից ուղարկված ավտոբուսները գտնվում են անսարք վիճակում, դրանք վերանորոգելու համար մեծ գումար է անհրաժեշտ։
«Ավտոբուսները գտնվում են անսարք վիճակում, անգամ վերանորոգելուց հետո լիարժեք չեն կարող ծառայել, այդ իսկ պատճառով հարմար գտանք գումար չծախսել և այդ գումարը ավելի ճիշտ օգտագործել»,- ասել է Մելքոն Մակարյանը։
Քաղաքապետը նշում է՝ տարվա կեսին ունեցել են հանդիպում շրջանային ժողովի նախագահի և քաղաքապետարանի տարբեր ծառայությունների մասնակիցների հետ։ Ծրագրում ենք պետական բյուջեից ձեռք բերել ավտոբուս՝ հասարակական տրանսպորտ, որն էլ կշարժվի մեկ գծով։ Ուղեվճարը և ուղղությունը դեռ որոշված չէ, սակայն մեկ բան պարզ է՝ տրանսպորտը կշարժվի այն ուղղությամբ, որն ասֆալտապատված է։
Փորձեցինք պարզել, թե ինչու է Ախալքալաքի քաղաքապետարանը ստացել երեք շարքից գրեթե դուրս եկած ավտոբուս, բայց միևնույն ժամանակ նախատեսում է պետբյուջեի միջոցներով նոր ավտոբուսներ գնել։ Տեղեկության հայց ենք ուղարկել Թբիլիսիի քաղաքապետարան: Պատասխան ստանալու դեպքում հոդվածը կթարմացնենք համապատասխան տեղեկությամբ։
Մինչ այդ՝ խնդիրը դեռ արդիական է, գյուղերի բնակիչները կենտրոն հասնելու խնդիր ունեն, իսկ Ախալքալաքի բյուջեում տրանսպորտի համար նախատեսված գումարը դեռ հստակեցված չէ։