2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ «Վրացական երազանք»-ի հրապարակած նախընտրական ծրագրում ասվում է, որ Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու Մելքոն Մակարյանը բնակչությանը խոստանում է ընտրվելու դեպքում նոր մանկապարտեզներ կառուցել հետևյալ գյուղերում՝ Ալաստան, Խուլգումո, Կոչիո, Կումուրդո, Կորխ, Իխտիլա։
Նշենք, որ նշված գյուղերից այսօրվա դրությամբ մանկապարտեզներ են կառուցվել Խուլգումո, Կոչիո և Կումուրդո գյուղերում, ուր հաճախում են ոչ միայն այս, այլ նաև մերձակա գյուղերի երեխաները. «Մոտակայքում գտնվող 4 գյուղերից երեխաներ հաճախում են Կոչիոյի մանկապարտեզ, նրանց համար տրանսպորտ է հատկացված, իսկապես առաջընթաց կա այս ուղղությամբ»,- ասում է Կոչիո գյուղի բնակիչ Ռ.Բ.-ն։
Կումուրդոյում մանկապարտեզի կառուցման հարցը ներառվել է մունիցիպալ բյուջեում 2021 թվականին, մանկապարտեզը պաշտոնապես բացվել է 2023 թվականի հունիսի 1-ին։
Մնացած գյուղերում՝ Իխտիլա և Ալաստանի, այսօրվա դրությամբ դեռևս մանկապարտեզ չկա։ «Ջավախքի տեղեկատվական կենտրոնի (Jnews.ge) հրապարակած հոդվածում նշվում է, որ 2023 թվականի ապրիլի դրությամբ Ալաստանում դեռ հարցականի տակ էր մանկապարտեզի կառուցումը. նախատեսում էին վերականգնել գյուղի հին հիվանդանոցի լքված հատվածը (մի մասում ամբուլատորիա կա)՝ այնտեղ բացելով մանկապարտեզ։ Ըստ նշված հոդվածի, եթե Ալաստանում մանկապարտեզ կառուցվի, կհաճախեն նաև երկու այլ գյուղերի՝ Վարևանի և Կոկիոյի երեխաները։ Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը Jnews.ge-ի հետ զրույցում ասել է՝ այս հարցով դիմում են գրել, եթե ֆինանսավորեն, ապա մանկապարտեզը կկառուցվի։ Այսօրվա դրությամբ նորություն չկա, գյուղում վիճակն անփոփոխ է։ Ուստի կապ հաստատեցինք Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանի հետ՝ պարզելու, թե արդյոք նշված հարցի հետ կապված նորություններ կա՞ն։ «Դիմումը գրված է, սպասում ենք պատասխանին… Այս փուլում միայն վստահաբար կարող եմ ասել, որ մունիցիպալիտետում պատրաստվում ենք կառուցել 4 նոր մանկապարտեզ, թեև կոնկրետ որտեղ են կառուցվելու այս նոր մանկապարտեզները, դեռևս անհայտ է»,- ասաց նա։
Իխտիլա գյուղում դեռ հայտնի չէ արդյոք մանկապարտեզ կկառուցվի․ «Գյուղում մանկապարտեզ չունենք, Իխտիլայի երեխաներին ուղարկում ենք Բարալեթ գյուղի մանկապարտեզ, նույնիսկ չգիտենք՝ արդյոք նախատեսվում է մանկապարտեզ կառուցել, բայց դա իսկապես անհրաժեշտ է. այսպես անհնար է ապրել։ Գոնե լավ է, որ տրանսպորտն ապահովված է ու երեխաներին անվճար տանում են Բարալեթ, հետ բերում»,- ասաց Իխտիլայի բնակիչներից Լ.Պ.-ն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում։
Կորխ գյուղում էլ, չնայած սկսել էին մանկապարտեզի շինարարական աշխատանքները, սակայն, ինչպես նշում է տեղի բնակիչներից մեկը՝ գործընթացն այս պահին կասեցված է․ «Չգիտենք, թե երբ են պատրաստվում ավարտել։ Երեխաները գնում են Ախալքալաքի մանկապարտեզ, քաղաքապետարանը տրանսպորտ է հատկացրել, որն ապահովում է երեխաների տեղափոխումը գյուղից Ախալքալաք և հետդարձը»,- ասում է Կորխիի բնակիչ Մ.Ա.-ն։
Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանի խոսքով, աշխատանքների առաջին փուլն ավարտված է, շուտով կսկսվի երկրորդ փուլը. «Առաջին մրցույթի շրջանակներում նախատեսված աշխատանքներն ավարտել ենք։ Մոտ մեկ ամսից կհայտարարենք երկրորդ մրցույթը, և մանկապարտեզը կնորոգվի։ Մանկապարտեզի բացման հնարավոր ժամկետը կախված է երկրորդ մրցույթից, նախ սպասենք․․․»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասաց քաղաքապետը։
Նշենք, որ 2022-2024 թվականներին Խուլգումի, Կոչիո և Կումուրդո գյուղերի մանկապարտեզների շինարարական աշխատանքների պետական գնումների մրցույթների մասին տեղեկատվություն չկա, թեև տեղացիների խոսքով, մանկապարտեզներն արդեն բացվել են։
Նաև, հարկ է նշել, որ նշված գյուղերից միայն Կումուրդոյի մանկապարտեզի կառուցման հարցն է նախատեսված եղել քաղաքապետարանի բյուջեով (տե՛ս գծապատկեր 1), մյուս երեք գյուղերում (Խուլգումո, Կոչիո, Կորխ) մանկապարտեզ կառուցելու հարցը մունիցիպալիտետի 2022-2024 թվականների բյուջեում նշված չէ։
Տեղացիների հետ զրույցից, ինչպես նաև մեր հետազոտությունից պարզ է դառնում, որ Ախալքալաքի մունիցիպալիտետում որոշ չափով լուծված է երեխաներին մանկապարտեզ հասցնելու հարցը։ Տեսեք գյուղերի ցանկը, որտեղից հարկավոր է երեխաներին տեղափոխել մոտակա մանկապարտեզ կամ դպրոց։
Անհայտ է սակայն, թե երբ է ավարտվելու Կորխի մանկապարտեզի կառուցումը։ Պարզ չէ նաև, թե երբ են պատրաստվում Իխտիլայում և Ալաստանում կառուցել մանկապարտեզներ։ Ելնելով վերը նշված քննարկումից՝ Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանի խոստումը նոր մանկապարտեզների կառուցման վերաբերյալ մասամբ է կատարվել։ «Ալիք Մեդիան» շարունակում է հետևել իրադարձությունների ընթացքի, կտեղեկացնենք վերջին նորությունների մասին։