Ախալքալաքի քաղաքապետարանը փոփոխություն է կատարել ուսանողների ֆինանսավորման ծրագրում

Ախալքալաքի քաղաքապետարանը փոփոխություն է կատարել 2025 թվականին ուսանողների կրթության ֆինանսավորման կանոնակարգում։

Փոփոխության համաձայն՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների ուսման վարձը տեղական բյուջեից կֆինանսավորվի 50 տոկոսով։ Ֆինանսավորումը կտրամադրվի միայն հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններին՝ բակալավրիատի և «1+4» ծրագրերի համար, նաև հավատարմագրված քոլեջներին՝ ինչպես Վրաստանում, այնպես էլ արտերկրում։

Ուսման ֆինանսավորումը կսահմանվի մեկ ուսանողի համար մինչև 1125 լարիի չափով, որը չի գերազանցում տարեկան ուսման վարձի 50 տոկոսը: Միանվագ օգնություն (օրացուցային տարին մեկ անգամ, մեկ ուսումնական տարվա համար) կտրամադրվի այն ուսանողին (մինչև 27 տարեկան), ով չի օգտվում պետական ​​այլ ծրագրից և չի ստացել պետական ​​դրամաշնորհ։

Համայնքային փոխհատուցումը կտրամադրվի՝

  1. ծնողազուրկ ուսանողներին,
  2. հաշմանդամության կարգավիճակ (կտրուկ, զգալիորեն արտահայտված աստիճան) ունեցող ուսանողներին,
  3. բազմազավակ ընտանիքի ուսանողին,
  4. սոցիալապես անապահով (հաշվառված է անապահով ընտանիքների տվյալների միասնական շտեմարանում, ընտանիքի վարկանիշային միավորը 0-ից 100 000 է) ուսանողներին (յուրաքանչյուր նման ընտանիքից մեկ ուսանողի),
  5. Երեք և ավելի ուսանող ունեցող ընտանիքների ուսանողներին,
  6. Հաշմանդամ ծնող ունեցող ուսանողներին,
  7. Միայնակ ծնողի կարգավիճակ ունեցող ուսանողներին (անկախ տարիքից)։

Նշենք, որ ամեն տարի միայն մեկ անգամ՝ ուսումնական տարվա սկզբին կտրամադրվի աջակցությունը։

Համայնքային աջակցությանը դիմելու համար ուսանողը պետք է Ախալքալաքի քաղաքապետարան ներկայացնի համապատասխան փաստաթղթերը՝

  • դիմում,
  • նույնականացման քարտի պատճեն,
  • հավատարմագրված ուսումնական հաստատությունից վկայական, որը կվկայի պետական ֆինանսավորման բացակայությունը։

Նշենք նաև, որ վճարումը կկատարվի անկանխիկ վճարման եղանակով՝ գումարը կփոխանցվի հավատարմագրված հաստատության բանկային հաշվեհամարին։

Հեղինակ՝ Լուսինե Նուրջանյան