Ախալքալաքի և Հեշտիայի ԱրՄաթցիները՝ «DigiTec Expo 2019»-ում

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խոշորագույն համաժողովի՝ «WCIT 2019»-ին զուգահեռ հոկտեմբերի 6-9 «Երևան Էքսպո» կենտրոնում տեղի է ունենում «DigiTec Expo 2019»-ը, որը ևս նպատակ ունի բացահայտել և աշխարհին ցույց տալ Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, ձեռքբերումներն ու փայլուն ապագան:

«DigiTec Expo 2019»-ի շրջանակներում իրենց աշխատանքներն են ներկայացնում նաև «ԱրՄաթ» ինժիներական  լաբորատորիաների սաները։ Երեխաների կողմից նախագծված և արդեն կյանքի կոչված սմարթ հայելի, ավտոմատացված ջերմոց, անօդաչու թռչող սարք, լազերային հարթաչափ, խելացի տուն, երաժշտական հավելված ու  զանազան գործողություններ իրականացնող ռոբոտներ։ Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների նորարարական ոլորտում իրենց առաջին քայլերն անող տաղանդավոր երեխաների համար այս ցուցահանդեսը  գործնական կապեր հաստատելու և միջազգային համագործակցության լայն հնարավորություն է։

«DigiTec Expo 2019»-ին ներկա էին նախարարներ ու գործարարներ աշխարհի շուրջ 20 երկրից։ «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների տաղավարում պայմանագիր ստորագրվեց  կրթական ծրագիրը Հնդկաստանի Հանրապետություն, Եթովպիա և Աֆղանստան արտահանելու մասին։

Հյուրերին ու այցելուներին իրենց աշխատանքները ցուցադրեցին նաև «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) կողմից հիմնադրած Ախալքալաքի (բարերար Ավետիս Բալոյան)  և Հեշտիայի («Կարիտաս Վրաստան»-ի ֆինանսավորմամբ) «ԱրՄաթ» լաբորատորիաների սաները:  Վերջիններս ներկայացրեցին «Raeeod» երաժշտական հավելվածը, որը կատարելագործվելու դեպքում կծառայի նաև որպես սոցիալական ցանց և գումար վաստակելու հարթակ, ինչպես նաև՝ գյուղատնտեսական աշխատանքները հեշտացնելու նպատակով, էլեկտրական եղանակով ինքնակառավարվող մեքենայի  մանրակերտ:

Նյութը՝ ՋԱՀ-ի էջից