Վրաստանի Սամցխե-Ջավախք շրջանի Բուղաշեն գյուղում նախօրեին տեղի է ունեցել արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրու բացման արարողությունը:
«Մոտ 30 տարի առաջ, երբ Ղարաբաղում սկսվեց ազատագրական պայքարը, ամբողջ վիրահայությունը՝ այդ թվում նաև ջավախահայությունը համախմբվեցին մի բռունցքի պես: Յուրաքանչյուր հայ իր հնարավորության սահմաններում օգնություն ցուցաբերեց Ղարաբաղին: Այդ ժամանակ ջավախահայերս ակտիվորեն օգնել ենք ինչպես նյութապես, սնունդով, այնպես էլ մեր ներկայությամբ»,- իր խոսքում պատերազմական օրերն է հիշում ազատամարտիկ, Ախալքալաքի սակրեբուլոյի անդամ Սամվել Պետրոսյանը:
Պետրոսյանն ասում է՝ 90-ականներին Ջավախքում ստեղծել են հզոր մի ջոկատ, որը մեկնել է մարտի դաշտ, ռազմական գործողություններ ծավալելով մի քանի ուղղությամբ:
«Ցավալի է, որ ոչ բոլորը վերադարձան մարտի դաշտից, այդ թվում մեր հերոսը՝ Միքայել Ավագյանը»,- ասում է նա:
Գյուղի բնակիչները հպարտությամբ են խոսում Ավագյանի մասին։ Նրա ժառանգներից Նաթելա Ավագյանն «Ալիք մեդիային» պատմում է՝ հերոսի մասին լսել է ընտանիքի անդամներից.
«1994թ-ին հանուն մեր հայրենիքի Միքայել Ավագյանն իր 4 անչափահաս երեխաներին թողել է կնոջ հույսին և զոհվել է հերոսաբար: Չարաբաստիկ լուրը լսելուն պես մեր գյուղի տղամարդիկ գնացին Սիսիան, որտեղ էլ նա զոհվել է»,- ասում է Նաթելան ու ավելացնում՝ կիսանդրին տեղադրելը կարևոր է, այն անմար կպահի Ավագյանի հիշատակը, իսկ գյուղի բնակիչները չեն մոռանա, որ նման քաջ հերոս ունեն:
Գյուղում ում էլ հարցնեք Միքայել Ավագյանի մասին, Ջավախքի բարբառով կասեն. «Շատ ռիսկով ու դուխով մարդ է եղել»: Ծնունդով Բուղաշենից Վարդիթեր Պալյանը կիսվում է գյուղում Ավագյանի մասին տարծաված բազմաթիվ պատմություններից մեկով.
«Նա հետախույզ է եղել մասնագիտությամբ։ Իբրև թե առևտրական մի անգամ գնացել է շուկա կարտոֆիլ գնելու: Կարտոֆիլ վաճառողը թուրք էր, ում առևանգել, հետո էլ փոխանակել է, կարծեմ՝ ազատելով 12 հայ գերիների»,- հպարտությամբ պատմում է Վարդիթերը:
Կիսանդրու բացման արարողությանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը դեսպանության դիվանագետների հետ, տեղի կառավարության անդամներ և այլք:
Դեսպան Սադոյանն իր ելույթում նշել է. «Միքայել Ավագյանի և նրա նման հայրենասեր քաջորդիների շնորհիվ մեր ժողովուրդը կարողացավ կարևոր հաղթանակներ կերտել»:
Մեզ հետ զրույցում Վրաստանում ՀՀ դեսպանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հարություն Հայրապետյանը ասում է.
«Ջավախահայությունն իր մեծ ավանդն է ունեցել հաղթանակի կերտման գործում, Միքայել Ավագյանը այդ գործի անխոնջ մարտիկներից մեկն է եղել: Նա Մեղրու ջոկատի հետախուզական վաշտի հրամանատարն էր»:
Լուսանկարները՝ Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից