Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, «Ախալքալաքոբա 2024»-ը (Ախալքալաքին նվիրված տոնը) հանդիսավոր կերպով նշվեց Ախալքալաքի կենտրոնական այգում։
Գրեթե հազարամյա պատմություն ունեցող քաղաքում արդեն ավանդույթ է դարձել սեպտեմբերի սկզբին նշել Ախալքալաքին նվիրված տոնը։ Միջոցառման ժամանակ իրականացվել է ձեռագործ աշխատանքների և տեղական արտադրանքի ցուցահանդես-վաճառք, տեղական ուտեստների վարպետության դասեր, համտեսում, նվագախմբի և զգեստավորված կերպարների շքերթ, մարզական մրցումներ, և այլն։
«Այսօր մեր Ախալքալաքը դարձավ 960 տարեկան, և ամեն տարի մեծ տոնախմբություն ու միջոցառում ենք կազմակերպում մեր քաղաքում; Ունենք ինչպես համերգային միջոցառումներ այնպես էլ ցուցահանդեսներ, երեկոյան կունենանք նաև ավելի ակտիվ պարային երաժշտություն և հրավառություն։
Այսօր այստեղ հանդես են գալիս Ախալքալաքի գյուղերի ներկայացուցիչներն իրենց ուտեստներով և ծանոթացնում իրենց տարածքի մշակույթին։ Ունենք պատվավոր հյուրեր՝ հարևան մունիցիպալիտետի շրջանային ժողովի նախագահը, մարզպետը, փոխմարզպետները, մարզպետարանի աշխատողներ և քաղաքապետեր»,- «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։
«Ախալքալաքը պատմական քաղաք է, որի տոնն ամեն տարի նշելը շատ կարևոր է ոչ միայն Ախալքալաքի բնակիչների այլև յուրաքանչյուր ջավախքցու համար։ Այս տոնի նպատակն է հավաքել բոլորին մեկ տեղում, տոնել և ցույց տալ մշակութային բոլոր ճյուղերի կայացած ու զարգացած լինելը, որովհետև այստեղ մենք տեսնում ենք՝ պար, երգարվեստ, ձեռագործ աշխատանք, կավագործություն և այլն»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասաց Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի տնօրեն Կարինե Թադևոսյանը։
Տոնակատարությանը ներկա էին նաև Ախալքալաքի Գավառագիտական թանգարանի աշխատակիցները։ Նրանք ցուցադրում էին թանգարանի եզակի նմուշներ, որոնք տարիների ընթացքում տեղացիների շնորհիվ են բերվել և պահպանվել։
Ինչպես արդեն նշեցինք, տոնին ներկա էին նաև տարբեր գյուղերի ներկայացուցիչներ, որոնք հյուրասիրություն էին կազմակերպել և իրենց ներկայությամբ էլ ավելի գեղեցիկ դարձրել տոնակատարությունը։ «Ալիք Մեդիա»-ն զրուցեց նրանցից մեկի հետ։
«Ինչպես բոլորս գիտենք, այսօր մեր Ախալքալաքի տոնն է, և Ախալքալաքը դարձավ 960 տարեկան։ Մենք բոլորս՝ Ախալքալաքի գյուղերի գյուղապետերը և պատգամավորները, հավաքվել և տոնի առիթով կազմակերպել ենք հյուրասիրություն։ Մենք մեր թեմի անունից, որը ներառում է Կաջո, Սիրկվա, Բեժանո, Ագանա (Ականա), Ալաթուման, Մոդեգամ գյուղերը, նույնպես ունենք հյուրասիրություն մեր բոլոր հյուրերի և բնակիչների համար»,- ասաց Սիրկվա գյուղի գյուղապետ Լյուդվիգ Հովհաննիսյանը։