2024 թվականի հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ` հնարավորություն տալով քաղաքացիներին բարձրաձայնելու իրենց կարծիքն ու ցանկությունը երկրի ապագայի վերաբերյալ։ Այն, որ այս տարի քաղաքացիները հնարավորություն կունենան մասնակցելու էլեկտրոնային ընտրությանը, ակնհայտորեն փոխում է ընտրությունների բնույթը և մասնակցության մակարդակը։
Ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել են մի շարք քաղաքական կուսակցություններ՝
«Վրացական երազանք», «Ժողովրդավարական շարժում», «Ուժեղ Վրաստան», «Հանուն Վրաստանի» և «Հանուն փոփոխությունների կոալիցիա» ուժերը։ Քարոզարշավի ընթացքում կուսակցությունները ներկայացնում են իրենց նախընտրական ծրագրերը, որոնք ընդգրկում են տնտեսական զարգացում, սոցիալական բարեփոխումներ և կրթության ոլորտի բարելավում։
«Ալիք մեդիա Վրաստանը» հարցում է անցկացրել Ախալքալաքի բնակիչների շրջանում՝ փորձելով պարզել նրանց դիրքորոշումը, ակնկալիքները և մտահոգությունները։ Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ տեղացիները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ընտրությունների հանդեպ, ցանկանում են, որ իրենց ձայնը լսելի լինի։ Հարցվածների մեծ մասն ակնկալում է, որ ընտրությունները պետք է հանգեցնեն իրական փոփոխությունների, իսկ քաղաքական առաջնորդները պետք է ներառեն համայնքի շահերը իրենց ծրագրերում։ Ախալքալաքի բնակիչները պատրաստվում են ակտիվորեն մասնակցել ընտրություններին, որպեսզի իրենց ձայնը լսելի լինի։
«Կարծում եմ, որ այն կուսակցությունները, որ խոսում են կրթության բարելավման մասին, պետք է լինեն մեր ընտրության առաջնահերթությունը։ Մենք պետք է հոգ տանենք մեր երեխաների ապագայի մասին։ Այսօր կրթությունը մեր համայնքի զարգացման հիմնաքարն է»,- նշեց Ախալքալաքի բնակիչներից մեկը։
«Մեր հասարակությունում շատ են այն երիտասարդները, որ չեն կարողանում աշխատանք գտնել։ Ինձ համար կարևոր է, որ նոր դեմքերն աշխատատեղեր ստեղծեն, ես ստիպված չլինեմ գնալ արտագնա աշխատանքի՝ գյուղական հոգսը թողնելով ընտանիքիս ուսերին։ Նախկին թեկնածուները չեն կարողանում մեզ ոգևորել․ անհրաժեշտ է, որ ընտրական գործընթացը նոր երանգ ստանա։ Նախկին իշխանությունները շատ անգամ խոստումներ են տվել, սակայն դրանք չեն իրականացրել։ Հույս ունեմ, որ այս անգամ վերջապես կկատարեն իրենց խոստումները», — նշեց Ախալքալաքի մեկ այլ բնակիչ:
Ախալքալաքի բնակիչները մտահոգված են նաև սոցիալական արդարությամբ։ Նրանք ակնկալում են, որ նոր իշխանությունները կներդնեն ծրագրեր, որոնք կօգնեն անապահով ընտանիքներին։
Վրաստանում ընտրական շրջանում քննարկվող հարցերը, հատկապես տարածաշրջանային նշանակության ու համայնքային խնդիրների շուրջ, կարևոր են ոչ միայն քաղաքական, այլև սոցիալական հեռանկարում։ Ախալքալաքի բնակիչներն ակնկալում են, որ իրենց ձայնը փոփոխություն կբերի, և նոր իշխանությունները կձգտեն իրենց բարեփոխումների միջոցով բարելավել համայնքի կյանքի որակը։
Բնակիչները ցանկանում են, որ կուսակցությունների ներկայացուցիչները ստեղծեն նախագծեր, որոնք իրականում կծառայեն համայնքի խնդիրների լուծմանը։