Ախալքալաք-Կարծախ ճանապարհի աղբահանության խնդիրների շուրջ

Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհը, որին հարակից գտնվում են Ջավախեթիի պահպանված տարածքները, Թուրքիայից Վրաստան մուտք գործող բեռնատարների պատճառով աղբակույտերով է պատվել։ Ըստ բնակիչների` վարորդներն աղբը լցնում են ուր պատահի։

Մոտ մեկ ամիս առաջ հատկապես, երբ տեղում կարտոֆիլի բերքահավաքի շրջանն էր, աղբի առկայությունը շատ է անհանգստացրել բնակիչներին. նրանց խոսքով` բերքի հետ միասին դաշտերից շարունակ աղբ են հանել։

Մայրուղուն հարակից գյուղերի բնակիչները քայլեր ձեռնարկել են, բայց արդյունքի չեն հասել։ Սուլդա գյուղի բնակիչ Կարինե Հովհաննիսյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշեց, որ ցանկացել են նաև շաբաթօրյակ կազմակերպել և հավաքել աղբը, բայց, ցավոք, չի հաջողվել․

«Հատկապես որ այս տարածքում են գտնվում Ջավախեթիի պահպանված տարածքները, չի կարելի թույլ տալ աղբի նման կուտակում,– ասում է Հովհաննիսյանը, – կարտոֆիլի բերքը հավաքելու ժամանակ մեր աչքով էինք տեսնում, թե ինչպես են վարորդներն աղբը մեքենաներից նետում դաշտի մեջ. ինքս անձամբ վարորդներից մեկից պահանջել եմ, որ հավաքի իր թափած աղբը»։

Տեսանյութն՝ ստորև հղումով

https://youtube.com/shorts/Z8R1K-Gxez0?feature=share

Կարծախ գյուղի մեկ այլ բնակիչ մանրամասնում է, որ աղբ նախկինում էլ կար, քանի որ այդ ճանապարհը նոր չեն սկսել շահագործել, բայց հերթերի պատճառով այդտեղ աղբը վերջին շրջանում մի քանի անգամ ավելացել է․

«Ամբողջ ճանապարհին միայն աղբ է` պլաստիկ շշեր, տոպրակներ, ուտելիքի մնացորդ. հասկանում ենք, որ սոված մնալ չեն կարող, բայց ճանապարհին աղբամաններ կան, թող այնտեղ լցնեն։ Իսկ պետությունը չի հետաքրքրվում դրանով. եթե մեկին-երկուսին տուգանեն, մնացածներն էլ չեն անի», — նկատում է բնակիչը։

Այս խնդրի հետքերով «Ալիք Մեդիան» կապ հաստատեց Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության հետ։ Մամուլի ծառայությունից հայտնեցին, որ Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանային բաժնի աշխատակիցները կխստացնեն բնապահպանական վերահսկողությունը Ախալքալաք-Կարծախ ճանապարհի նկատմամբ՝ շրջակա միջավայրի աղտոտումը կանխելու նպատակով․

«Վրաստանում թափոնների կառավարման պետական ​​վերահսկողությունն իրականացնում են մի քանի գերատեսչություններ՝ տարբեր ուղղություններով։ Այս ոլորտում քաղաքային թափոնների կառավարումը քաղաքապետարանի իրավասությունն է, որը պարտավոր է մաքրել քաղաքապետարանի տարածքը (ոչ մասնավոր տարածքը) կամ` եթե պարզվում է միջավայրը աղտոտողի ինքնությունը, պահանջել նրանից, որ մաքրի», — պատասխանեցին Բնապահպանության նախարարությունից։

Գերատեսչության փոխանցած տեղեկության համաձայն՝ անկախ աղբ թափողի քաղաքացիությունից, եթե նման ​​փաստ բացահայտվի, տեղական ինքնակառավարման մարմինները, նաև բնապահպանական վերահսկողության վարչությունը և Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանությունն իրավասու են համապատասխան կերպով արձագանքելու։

«Թափոնների կառավարման օրենսգրքի խախտումների ժամանակին հայտնաբերումը, վերացումը և կանխարգելումը բնապահպանական վերահսկողության վարչության առաջնահերթությունն է։ Այդ նպատակով վարչության աշխատակիցները հանրապետության ողջ տարածքում իրականացնում են մշտական, 24-ժամյա հսկողություն թեժ գծով, ստանում են հաղորդագրություններ սոցիալական ցանցերում և համապատասխան արձագանքում յուրաքանչյուր խախտման։

Գերատեսչության Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանային բաժնի աշխատակիցները կխստացնեն հսկողությունը Ախալքալաք-Կարծախ ճանապարհին՝ շրջակա միջավայրի աղտոտումը կանխելու նպատակով», — «Ալիք Մեդիային» ի պատասխան` խոստացան Բնապահպանության նախարարության ներկայացուցիչները` կոչ անելով քաղաքացիներին, որ նման փաստ նկատելու դեպքում ահազանգեն Ներքին գործերի նախարարության ոստիկանության  վարչություն։