Թբիլիսիում տեղի ունեցած վթարից հետո երիտասարդ կինը մահացել է, իսկ մայրը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Տեղեկությունը տարածել է GPI Holding ապահովագրական ընկերությունը, որտեղ աշխատում էր հանգուցյալը։
Հաղորդագրության համաձայն՝ կինը գնում էր բողոքի ցույցի։ Ավտովթարից հետո նա տեղում մահացել է։ GPI-ի աշխատակցի մայրը, որ նրա հետ էր մեքենայում, բազմաթիվ կոտրվածքներով հոսպիտալացվել է։ Բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար։
Այլ մանրամասներ GPI Holding-ը չի հայտնում՝ ելնելով ընտանիքի շահերից։
Ընկերության հաղորդագրության սկզբում ասվում էր, որ կինը գնում էր «օգնելու» իր երեխային: Հետագայում դա խմբագրվել է։ Հանգուցյալի դուստրը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ մայրը հանրահավաքի է գնացել «միայն իր քաղաքացիական պարտքը կատարելու համար», այլ ոչ այն պատճառով, որ իր երեխային «ինչ-որ մեկը ծեծի է ենթարկել»։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ցավակցություն է հայտնել հանգուցյալի հարազատներին։ Կատարվածը նա համարում է քաղաքական իրադարձությունների, երկրի ողբերգական իրավիճակի հետևանք։
«Ես ապրումակցում եմ ընտանիքին և ողջ Վրաստանին։ Իշխանություն վերցնելը նշանակում է պատասխանատվություն ստանձնել և երկիրը ողբերգության չհասցնել։ Ամեն ոք, ով այսօր չի զգում ցավն ու տագնապը և գուցե ծիծաղում է, պետք է հիշի, որ ոչինչ հավերժ չէ»,- գրել է Զուրաբիշվիլին ֆեյսբուքյան իր էջում։