Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ժամը 19:00-ի սահմաններում Մառնեուլի-Սադախլո (վրաց-հայկական սահման) ճանապարհի չորրորդ կիլոմետրի հատվածում ավտովթար է տեղի ունեցել:
Ներքին գործերի նախարարության Մառնեուլիի ստորաբաժանման տվյալներով՝ 2 մարդ մահացել է, 11-ը՝ վիրավորվել: Ինչպես հայտնում է marneulifm.ge կայքը, այս մասին տեղեկությունը տարածել է Մառնեուլիի քաղաքային խորհրդի պատգամավոր Ազադ Քարիմովը:
Նրա խոսքերով՝ մի քանի անգամ զանգահարելուց հետո նոր արտակարգ իրավիճակների ծառայությունն արձագանքել է և բավական ուշացումով են ժամանել դեպքի վայր: Մի քանի վիրավորի Ազադ Քարիմովը ստիպված է եղել ինքնուրույն տեղափոխել հիվանդանոց:
Գործի վերաբերյալ հետաքննություն է սկսվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 8-րդ մասով:
24News.ge-ն էլ հայտնում է, որ վթարի պատճառ է դարձել ՎԱԶ 07 մեքենան, որը հանդիպակաց Ֆորդ մակնիշի մեքենային է հարվածել անհաջող վազանցի ժամանակ: ՎԱԶ 07 մեքենան շրջվել է, իսկ մեքենայի վարորդը մահացել է հենց տեղում: Մեքենայում գտնվող երկու կանայք և երկու երեխաները ծանր վնասվածքներ են ստացել, ուղևորներից մեկը հիվանդանոցում մահացել է:
Նշվում է, որ վթարի մասնակից մեքենաները պատկանում են Մառնեուլիի բնակիչների: