
Վրաստանում ավտոմեքենաների տեխնիկական զննումների պահանջները կարող են խստացնել, և չի բացառվում, որ ավտոմեքենայում կատալիզատորի (արտանետումների չեզոքացուցիչ) առկայությունը պարտադիր լինի: Այս մասին հասարակական կազմակերպությունների անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է խորհրդարանի բնապահպանական կոմիտեի նախագահ Կախա Կուճավան՝ խոսելով օդի աղտոտման մասին:
«Կան դեպքեր, երբ կատալիզատորները տեղադրվում են տեխնիկական զննումներից առաջ, իսկ զննումն անցնելուց հետո հանվում: Կատալիզատորների առկայությունը շատ կարևոր է օդի աղտոտման նվազեցման տեսանկյունից: Այսօր մենք այս հարցը քննարկելու ենք նաև փորձագետների հետ», — ասել է Կուճավան:
Կախա Կուճավայի խոսքերով, Թբիլիսիում օդի աղտոտման հիմնական պատճառներից մեկը մեքենաների կուտակումներն ու անկառավարելի կայանատեղիներն են: Նրա խոսքերով, անգամ բարձրորակ վառելիք օգտագործելու դեպքում էլ, եթե չկան կայանատեղեր, ապա աղետալի արդյունքներն անխուսափելի են: