Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն խոստացել է, որ մոտ ապագայում քաղաքապետարանը կվերանորոգի Ավլաբարի (Հավլաբարի) հրապարակը և մետրոպոլիտենի «Ավլաբարի» կայարանը։
«Վերջերս մետրոպոլիտենի «Ավլաբարի» կայարանից դեպի Թելավի փողոց ճանապարհը փակ էր։ Այդ ընթացքում այնտեղ փոխվել են ստորգետնյա հաղորդակցությունները․ անցկացվել է ջուր, գազ, կոյուղի, կառուցվել են մայթեր՝ գետնի տակ արտաքին լուսավորության գծեր տեղադրելու համար», — հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Ավլաբարի հրապարակից Թելավիի փողոց տանող ճանապարհին այս պահին ավտոմեքենաների երթևեկությունը ազատ է։
Քաղաքապետի խոսքով՝ Ավլաբարի հրապարակում կկառուցվեն նոր մայթեր ու կլինի արտաքին լուսավորություն, կնորոգվեն հասարակական տրանսպորտի կանգառները, կդրվեն ստորգետնյա աղբամաններ։ Բացի այդ, կկանաչապատվեն պողոտան և հարակից տարածքները։ Նա ընդգծել է, որ այս աշխատանքներն արդեն իսկ ընթացքի մեջ են։