2015-2018 թվականներին Վրաստանում հիմնականում հարևան երկրների (Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան) քաղաքացիներն են մշտական բնակության վկայական ստացել։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի միգրացիոն հարցերով պետական հանձնաժողովի հրապարակած «Վրաստանի միգրացիոն պրոֆիլ 2019» զեկույցից։
Փաստաթղթում նշվում է նաև, որ նույն ժամանակահատվածում ժամանակավոր բնակության վկայական ստացողների մեծ մասը Իրանի, Հնդկաստանի և Ռուսաստանի քաղաքացիներ են:
Ըստ տվյալների, մշտական բնակության վկայական ստացածների թվով առաջին տեղում են Ռուսաստանի քաղաքացիները՝ 8889 քաղաքացի, հաջորդիվ Ադրբեջանն ու Հայաստանն են, համապատասխանաբար՝ 3189 և 2211 քաղաքացի: Չորրորդ տեղում է Ուկրաինան՝ 1718 քաղաքացի և այլ երկրների քաղաքացիների թիվը ընդհանուր կազմում է 3946:
Սրա հետ մեկտեղ, ժամանակավոր բնակության վկայական ստացողների շարքում առաջին տեղում է Իրանը՝ 7279 քաղաքացի և հետո Հնդկաստանը՝ 5951 քաղաքացի: Այս շարքում Հայաստանը 6-րդ տեղում է. Հայաստանի 1724 քաղաքացի է Վրաստանում ժամանակավոր բնակության վկայական ստացել:
Կացության թույլտվություն ունեցող օտարերկրացիների կեսից ավելին գրանցված է Թբիլիսիում, իսկ մոտ 1/3-ը` Քվեմո Քարթլիում և Սամցխե-Ջավախեթիի շրջաններում: