Դպրոցներում անվճար սնունդ ներդնելու պահանջով ստորագրահավաքին միացել է 10 հազարից ավելի մարդ: Նրանք պահանջում են դպրոցներում արգելել անառողջ մթերքի վաճառքը և անվճար ու առողջ սննդի ծրագիր ներդնել։
«Ծնողները կրթության համար» հասարակական կազմակերպության (ՀԿ) այս նախաձեռնությանը միացել է նաև «Կրթության կոալիցիա»-ն, որն Ուսուցչի ազգային մրցանակի հիմնադիրն է։
Ստորագրահավաքի հիմնավորումն այն է, որ երեխաների մեծ մասը հիմնականում դպրոց է հաճախում քաղցած, ինչը նվազեցնում է աշակերտների ուսման որակը և վտանգում նրանց առողջությունն ու զարգացումը։ Դրանից զատ, դպրոցներում չկա կերակրման ծրագիր, չկան հատուկ սննդի ժամ և հիգիենիկ տարածք, որտեղ երեխաները կարող են ուտել տնից բերած սնունդը: