Ավարտվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի պաշտոնական այցը Հայաստան, տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական էջից:
Այցի շրջանակում կայացել է Վրաստանի և Հայաստանի վարչապետներ Իրակլի Կոբախիձեի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Վրաստանի վարչապետին հյուրընկալել է նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Կոբախիձեն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այցը ամփոփ՝ ստորև:
Կոբախիձեին Հայաստանի Հանրապետության կառավարության նստավայրում պաշտոնական արարողությամբ դիմավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Երկու երկրների վարչապետները դեմ առ դեմ հանդիպում են ունեցել, որից հետո համատեղ մամուլի ասուլիսում հայտարարությամբ են հանդես եկել:
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի գործընթացը կպահպանի դրական դինամիկան և ի վերջո կպսակվի պատշաճ համաձայնագրով: Վրաստանի վարչապետն ասել է՝ Վրաստանը պատրաստ է իր դրական դերը խաղալ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործընթացներում։
Երկու երկրների վարչապետները կարևորել են Վրաստանի և Հայաստանի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության համաձայնագիրը, որը, ըստ նրանց՝ երկու երկրների համագործակցությունը տեղափոխել է որակապես այլ մակարդակ: Նրանք նաև կարևորել են Հարավային Կովկասում կայունությունն ու խաղաղ գոյակցությունը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ Հայաստանի Հանրապետությունը սատարել և սատարում է Վրաստանի եվրաինտեգրմանը: ՀՀ վարչապետը կարևորել է 2023 թվականին Վրաստանի՝ Եվրամիության թեկնածուի կարգավիճակ ստանալը, և բարձր է գնահատել այս փաստը, քանի որ, ըստ Հայաստանի վարչապետի՝ սա շատ կարևոր իրադարձություն է: Փաշինյանի խոսքով, այն ազդում է ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև երկու երկրների երկկողմ հարաբերությունների վրա:
Կոբախիձեն հանդիպել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Հանդիպման ընթացքում ընդգծվել են տարբեր ոլորտներում երկու երկրների արդյունավետ համագործակցությունը և երկարաժամկետ բարիդրացիական հարաբերությունները։ Հանդիպմանը ուշադրություն է դարձվել տարածաշրջանում ընթացող գործընթացներին։
Վրաստանի և Հայաստանի վարչապետները մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանության նոր շենքի բացման արարողությանը: Երկու երկրների ղեկավարները քննարկումները շարունակում են ընդլայնված կազմով: