Քութայիսիի միջազգային օդանավակայանից Հունաստան թռիչքների հաճախականությունն ավելանում է։ Մինչև տարեվերջ ուղիղ կանոնավոր չվերթներ կիրականացվեն դեպի Աթենք և Սալոնիկ՝ շաբաթական 8 անգամ հաճախականությամբ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի օդանավակայանների միության տնօրեն Իրակլի Քարքաշաձեն Վրաստանում Հունաստանի լիազոր դեսպան Մարիա Թեոդորուի հետ հանդիպումից հետո։
Ըստ Քարքաշաձեի՝ հաճախականությունների ավելացումը նշանակում է, որ երկու երկրների միջև ճամփորդելու պահանջարկ և հետաքրքրություն կա և՛ Վրաստանի, և՛ Հունաստանի քաղաքացիների մոտ։
«Մեզ համար Հունաստանը կարևոր և հետաքրքիր ուղղություններից մեկն է։ Քութայիսիի օդանավակայանից մենք պարբերաբար ավելացնում ենք հաճախականություններն ու ուղղությունները… Մենք ողջունում ենք Վրաստանում Հունաստանի դեսպանի գործունեությունն այս ուղղությամբ։ Վստահ ենք, որ ավելի կխորացնենք և կգտնենք հնարավորություններ, որոնք կնպաստեն մեր երկրների միջև համագործակցությանը», — ասել է Քարքաշաձեն՝ Քութայիսիի միջազգային օդանավակայանում հյուրընկալելով Վրաստանում Հունաստանի դեսպանին։
Վրաստանի օդանավակայանների ասոցիացիայի տվյալներով, այս փուլում ուղիղ կանոնավոր չվերթներ են իրականացվում Քութայիսից դեպի Հունաստանի մայրաքաղաք Աթենք և մեծությամբ երկրորդ քաղաք՝ Սալոնիկ։ 2022 թվականին Քութայիսիի միջազգային օդանավակայանից Հունաստան և հակառակ ուղղությամբ ուղևորվել է 57 հազար քաղաքացի։