Ատելության խոսքն ընտրական շրջանում․ էթնիկ համայնքները հայտարարում են

Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների համայնքային կազմակերպությունների ղեկավարներն ահազանգում են՝ ընտրությունների շրջանում ատելության խոսքի հաճախակի դրսևորումների մասին, հայտարարությունը տարածել է «Բազմազգ Վրաստան»-ը։

«Մենք մտահոգված ենք ընտրական շրջանում՝ խորհրդարանական ընտրություններից առաջ, ինչպես նաև հետընտրական շրջանում շարունակվող ատելության խոսքի հաճախակի դրսևորումներով»,- ասված է հայտարարությունում։

Ընդգծվում է նաև՝ հետընտրական շրջանում փոքրամասնություն կազմող մարզերում հիմնականում իշխող ուժին տրված ձայների շուրջ շահարկումները։

«Քաղաքական սուբյեկտները և նրանց որոշ համախոհներ, վերջիններիս հետ փոխկապակցված լրատվամիջոցներ, ինչպես նաև որոշ քաղակտիվիստներ իրենց հայտարարություններում լայնորեն օգտագործում են ատելության խոսք պարունակող դարձվածքաբանություն, որն իր հերթին թարմացնում է էթնիկ խմբերի միջև առճակատումը և փոխադարձ անհանդուրժողականությունը։

Հաշվի առնելով վերը նշվածը, կարող ենք եզրակացնել, որ նման բնույթի հայտարարություններ տարածողները կա՛մ ընդհանրապես չեն հասկանում ընտրական խնդիրները, կա՛մ ձեռնամուխ են եղել ընտրողներին մանիպուլյացիայի ենթարկելու, մոլորեցնելու միանգամայն անընդունելի նպատակաուղղված արշավի», — ասված է հայտարարությունում։

Էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները կոչ են արել  բոլոր քաղաքական դերակատարներին զերծ մնալ իրենց քաղաքական հակառակորդներին, այդ թվում՝ էթնիկ հողի վրա վարկաբեկման փորձերից։ Քաղաքական սուբյեկտները, ինչպես նաև նրանց կողմնակիցները ընտրությունների արդյունքները գնահատելիս պետք է ձեռնպահ մնան ընտրողների էթնիկ պատկանելության բացասական տարանջատումից․

«Կոչ ենք անում նաև քաղհասարակությանը, որպեսզի ընտրությունների գնահատման վրացալեզու փաստաթղթերում չօգտագործեն այնպիսի արտահայտություններ, որոնք հասարակությունը կարող է ընկալել որպես էթնիկ փոքրամասնությունների տարանջատում՝ ուրիշներին դիսկրեդիտացնելու նպատակով: Դրա օրինակներից է «չի արտացոլում վրացի ընտրողների կամքը» ընտրությունների գնահատման փաստաթղթերի ձևակերպումը»։

Կոչն ուղղված է նաև լրատվամիջոցներին՝ զերծ մնան ատելության խոսք պարունակող տերմինաբանության շրջանառությունից։

«Մենք խորապես համոզված ենք, որ նախընտրական շրջանում, նաև ընտրությունների օրը ընտրողների բազմաթիվ խախտումները, ճնշումներն ու ահաբեկումները, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների նկատմամբ ատելության խոսքի օգտագործումը մեզ Եվրոպա տանող ճանապարհ չի հանդիսանում։

Վերոնշյալ առաջարկությունները հաշվի չառնելու դեպքում կստեղծենք համապատասխան մեխանիզմ՝ ատելության խոսք քարոզողների դեմ հանրային արշավներ պլանավորելու և իրականացնելու համար»,- ասված է հայտարարության մեջ։