Ռուսաստանի Սոչի քաղաքից Վրաստանի Բաթումի նավահանգիստ նավարկած ASTORIA GRANDE զբոսանավը, որը ռուս զբոսաշրջիկների էր բերել Վրաստան, հետագա նավարկությունների ցուցակից հանել է Բաթումիի ուղղությունը:
Մինչ այդ հայտնի էր, որ նավը պետք է երկու շաբաթը մեկ մտներ Բաթումիի նավահանգիստ, սակայն կայքում հրապարակված նավարկությունների մասին տեղեկություններում Բաթումին այլևս չկա։
Այսօր՝ հուլիսի 31-ի լուսադեմին, ASTORIA GRANDE-ն հերթական անգամ Վրաստան է բերել ռուս զբոսաշրջիկների։ Հայտնի է, որ նավի վրա եղել են նաև պատերազմի կողմնակիցներ և պուտինամետ ակտիվիստներ: Նավի ժամանմանը զուգահեռ կրկին բողոքի ակցիա է մեկնարկել, որ շարունակվում է մինչ այս պահը:
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) փոխանցմամբ՝ ոստիկանությունը բողոքի ակցիայի 9 մասնակցի է ձերբակալել: Ըստ ՆԳՆ-ի՝ ակցիայի մասնակիցները չեն կատարել իրենց օրինական պահանջները, ինչի հետևանքով էլ ձերբակալվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածների հիման վրա։
Ի դեպ, Պալաուի դրոշով ASTORIA GRANDE նավը, որը սպասարկում է թուրքական Miray Cruises International զբոսանավային ընկերությունը, հուլիսի 27-ին էլ էր մտել Բաթումիի նավահանգիստ:
Ըստ ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության՝ ASTORIA GRANDE զբոսանավի սեփականատեր ընկերության նկատմամբ ԱՄՆ-ն ու Ուկրաինան պատժամիջոցներ են սահմանել։