Աշխատանքը փնտրելուց պետք է հաշվի առնել «սեռն» ու ընտրած գործը… ծանոթ իրավիճակ է, չէ՞…
Մեր հասարակության մեջ ընդունված և տարածված է աշխատանքի բաժանումը՝ պայմանավորված սեռով: Փաստորեն, գենդերով է պայմանավորված նաև աշխատանքը: Եվ շատ հաճախ դրա «զոհն» են դառնում կանայք, իսկ երբեմն էլ՝ տղամարդիկ:
Շատ հաճախ է հնչում այն միտքը, որ կինը քաղաքականության մեջ թույլ է և տղամարդն ավելի լավ քաղաքական գործիչ է: Ավելին, տղամարդ քաղաքական գործիչն ավելի շատ իրավունքներ ունի, քան կինը: Կանոնադրությամբ հավասար են բոլորի իրավունքները, բայց կարծրատիպերով լցված հասարակությունը միշտ էլ հաղթում է կանոնադրությանը:
Կինը ուսուցչուհի պիտի աշխատի, կամ կես դրույքով, որպեսզի կարողանա տան գործերն անել՝ «իր պարտականությունները», կամ էլ, միգուցե, հագուստի կամ խմորեղենի խանութում աշխատի:
Սակայն գենդերային անհավասարության «զոհ» են դառնում ոչ միայն կանայք այլ նաև տղամարդիկ:
Կորոնավիրուսով պայմանավորված համաճարակի պայմաններում աշխատանք գտնելն էլ ավելի է դժվարացել: Չեն աշխատում շուկաները, խանութները և նույնիսկ ռեստորանները, եղած աշխատատեղերն էլ շատ քիչ են և քիչ էլ վարձատրում են: Վրաստանի հայաբնակ շրջաններից մեկում տղամարդը գնում է աշխատանքի ընդունվելու հացի արտադրամասում:
«Մեզ մոտ աշխատում են միայն կանայք և ձեզ չենք կարող աշխատանքի ընդունել», — նման պատասխան է ստանում աշխատանքի համար դիմած տղամարդը:
Սա գենդերային անհավասարության և հասարակության կարծրատիպերի դրսևորման վառ օրինակ է, որովհետև աշխատանքը բաժանված է ըստ սեռի՝ կնոջ և տղամարդու գործ:
Կարծրատիպերով լի հասարակության մեջ տղամարդը չի կարող հաց կամ այլ խմորեղեն թխել, չի կարող աշխատել այնպիսի վայրում, որտեղ հիմնականում աշխատում են կանայք:
Վերոնշյալ խնդիրը երկկողմանի է. պարզվում է՝ տղամարդուն աշխատանքի չընդունելու պատճառներից է նաև, որ կանայք այդտեղ աշխատում են, քանի որ աշխատակիցները միայն իգական սեռի ներկայացուցիչներ են: Դրա համար է, որ իրենց «թողել են» աշխատել, դրա համար է, որ նրանք աշխատելու «իրավունք» են ստացել: Ո՞ւմից…
Նման երկկողմանի անհավասարության ակնհայտ օրինակ է նաև ուսուցիչ աշխատելը: Բոլոր դպրոցներում ուսուցիչների մեծ մասը կանայք են: Տղամարդիկ հիմնականում զբաղեցնում են տնօրենի պաշտոնը կամ վարչական աշխատողներ են: Սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն շատ քիչ թվով տղամարդ ուսուցիչները, ովքեր իրենց գործի նվիրյալներն են, ավելի մեծ հաջողություններ են գրանցում իրենց աշխատանքի մեջ: Նրանց ուսուցման և դաստիարակության մեթոդներն ավելի ընդունելի և հասկանալի են աշակերտների համար: Սակայն, այստեղ ևս նկատելի է խտրական վերաբերմունք. տղամարդիկ սովորաբար դպրոցում աշխատանքի են ընդունվում այն ժամանակ, երբ աշխատանքային այլընտրանք չեն ունենում:
Գենդերային անհավասարության և խտրական վերաբերմունքի հիմքը կարծես թե դրվում է դպրոցից, որը շարունակվում է բուհերում: Չնայած, վերջին շրջանում դրական միտում է նկատվում կարծրատիպերի վերացման մեջ, ինչը նկատելի է հիմնականում մեծ քաղաքներում և մայրաքաղաքում: