Ներկայացնում ենք «Ալիք Մեդիայի» հայտարարած «Աշխատանք փնտրելու իմ հաջող/անհաջող պատմությունը» խորագրով էսսեների մրցույթի մասնակիցների աշխատանքները: Ստորև կարող եք ծանոթանալ Վարդուհի Հովսեփյանի հեղինակած էսսեին:
Բոլորիս պատմությունը սկսվում է մի կետից, երբ փորձում ենք մեր փոքրիկ գյուղերից դուրս գալով ինտեգրվել մեծ քաղաքի ու «այլազգի» հասարակության մեջ։ Բոլորիս համար ծանր ու անսովոր է լինել մի տեղում, որտեղ քեզանից կարծես ոչինչ չկա, կարծես հայտնվել ես լրիվ ուրիշ իրականության մեջ։ Սակայն, իմ կարծիքով, մենք զարգանում ենք միայն այն ժամանակ, երբ դեմառդեմ հանդիպում ենք այն իրականությանը,որը մինչև հիմա փորձում էինք անտեսել։ Հայերիս համար մեր ինտեգրումն սկսվում է դպրոցից հետո, երբ ընդունվում ենք համալսարան։
Ու հենց այդ պահից սկսած` բոլորս կարծես «մեծանում ենք»։ Փոխվում են այն երիտասարդները, որ իրենց ամբողջ «կյանքը» թողած` գնում են մեծ քաղաք «նոր» կյանքի հետևից։ Իհարկե, այս ամենը շատ հիասքանչ է, սակայն այն երիտասարդը, որը հանկարծակի հայտնվում է մեծ քաղաքում, հանդիպում է բազում խոչընդոտների, բազում խնդիրների, որոնք կամաց-կամաց դառնում են կյանքի դասեր։
Ամենասկզբից մենք ընդունվում ենք վրաց լեզվի նախապատրաստական կուրս,որտեղ էլ փորձում ենք սովորել վրաց լեզուն։ Սակայն, իմ կարծիքով, մեկ տարին այդքան էլ բավարար չէ, որպեսզի ուսանողը կարողանա այնպես տիրապետել լեզվին, որ հետագայում այդ լեզվով շարունակի ուսումը։ Իմ փորձից ելնելով կարող եմ ասել, որ մեզ՝ «ազգային փոքրամասնություններիս» համար բավականաչափ դժվար է սովորել Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում։
Իհարկե, ամենասկզբից կնշեմ լեզվի իմացության խնդիրը, սակայն, դրանից բացի, մի շարք այլ խոչընդոտող խնդիրներ կան։ Օրինակ` նաև այն, որ մենք թողնում ենք ամեն ինչ՝ մեր տունը,մեր ծնողներին, հարազատներին և վերջապես` թողնում ենք մեր ամբողջ կյանքը։ Այս ամենի հետ մեկտեղ, սա մեզ համար զարգանալու, նոր կյանք տեսնելու և վերջապես մեր նպատակներին հասնելու ամենալավ հնարավորությունն է, ամենառեալ ու ամենահասանելի ճանապարհը։
Կփորձեմ իմ ունեցած փորձի մասին պատմել ձեզ։ Ինձ համար բավականաչափ հեշտ է եղել նախապատրաստական կուրսում սովորելը, քանի որ դեռևս դպրոցից որոշ չափով տիրապեսում էի պետական լեզվին։ Սակայն, որքան էլ լավ տիրապետես լեզվին, միևնույն է` խոսելու ընթացքում սխալվելու «վախը» միշտ կա։ Դե, ես էլ բացառություն չէի ու սկզբնական շրջանում անհարմարավետության զգացում ունեի. ինձ թվում էր` չեմ կարողանալու առանց սխալների խոսել։ Սակայն հետզհետե սկսեցի ինտեգրվել։ Հիմա առանց կաշկանդվելու կարող եմ խոսել ցանկացած թեմայի շուրջ։
Բայց ինչպես ասում են` ամեն մի ընտելացում և հաջողություն իր գինն ունի։ Մինչ անկաշկանդության հասնելն ինձ համար էլ է դժվար եղել։ Մի դեպք պատմեմ իմ աշխատանք փնտրելու «անհաջող» փորձից։ Դե, բավականին ժամանակ էր` ինչ փնտրում էի, ու երբ գտա համապատասխան թափուր աշխատատեղ, որոշեցի, այսպես ասած` «բախտս փորձել»։ Սակայն, երբ սկսեցի փորձաշրջան անցնել, հասկացա, որ դեռևս սխալվելու վախը չի լքել ինձ, ու դա շատ էր խանգարում իմ գիտելիքների ավելի ազատ օգտագործմանը։ Ու հենց այդ ժամանակ հասկացա, որ ամենագլխավորը միայն լեզվին տիրապետելը չէ, այլ նաև` մեր իմացածն ու սովորածը կիրառելը։
Բոլորիս` ովքեր անցել ենք կամ անցնում ենք կամ նոր ենք սկսելու այս բարդ ճանապարհը, ուղղակի ուզում եմ ասել,որ իրոք շատ մեծ դժվարություն ենք հաղթահարում, իսկ դա, իմ կարծիքով, հարգանքի է արժանի։
Իսկ ինձ և ձեզ պարզապես ուզում եմ ասել, որ երբեք հետ չկանգնենք մեր նպատակներից ու ցանկացած գնով իրագործենք. գիտեմ, որ դժվար է լինելու, բայց առանց դժվարության հասած հաղթանակը լիարժեք չէ։
Հեղինակ՝ Վարդուհի Հովսեփյան, 20 տարեկան,
Նինոծմինդա, գ․ Փոքր Գոնդուրա
Թբիլիսիի պետական համալսարանի ուսանող
Այս հրապարակումը ստեղծվել է մրցույթի շրջանակներում, Վրաստանի Կանանց Հիմնադրամի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է հեղինակը, այն կարող է չհամընկնել «Ալիք Մեդիայի» և Վրաստանի Կանանց Հիմնադրամի հայացքներին։