Ներկայացնում ենք «Ալիք Մեդիայի» հայտարարած «Աշխատանք փնտրելու իմ հաջող/անհաջող պատմությունը» խորագրով էսսեների մրցույթի մասնակիցների աշխատանքները: Ստորև կարող եք ծանոթանալ Ֆեոժենյա Հարությունյանի հեղինակած էսսեին:
Դեռևս մանուկ հասակից ունեցել եմ շատ նպատակներ կապված կրթությանս հետ, դրանցից ամենամեծ առաջնային նպատակս եղել է ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն, ինչը հաջողվեց ինձ մոտ։
2022 թվականին մասնակցեցի միասնական ազգային քննություններին և ընդունվեցի Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարան։ Այս տարի ավարտեցի տվյալ համալսարանի նախապատրաստական կուրսը, որի ընթացքում «1+4» ծրագրով համալսարան ընդունված էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչները զրո կուրսում սովորում են հիմնականում վրացերեն, որից հետո փոխադրվում առաջին կուրս և ստանում բակալավրի կրթություն՝ իրենց ընտրած մասնագիտությամբ։
Որպես առաջնային մասնագիտություն ես ընտրել եմ իրավաբանությունը, քանի որ դեռ վաղ տարիքից յուրովի եմ սիրել իրավագիտությունը։
Իրավագիտությունը նախ և առաջ գիտություն է անհատի իրավունքների մասին, որը յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է իմանալ։ Որպես երկրորդ մասնագիտություն հետաքրքրված եմ լրագրությամբ և քաղաքականությամբ, նպատակս է լրագրությամբ նպաստել համայնքիս զարգացմանը։
Աշխատանքային փորձ պետական կամ մասնավոր հաստատություններում դեռևս չունեմ։
Սովորելու ընթացքում` հատկապես սկզբնական շրջանում, ընտանիքից հեռու գտնվելը և նոր միջավայրին հարմարվելը երևի թե ամենադժվարն է ուսանողի կյանքում։ Սակայն, երբ ունես նպատակներ և ձգտում, սկսում ես ժամանակի ընթացքում հարմարվել դրանց, նաև ուսանողներից շատերն ունենում են սկզբնական շրջանում վրացերենի անբավարար իմացության խնդիր, որը դասախոսների և ուսանողների օգնությամբ որոշ չափով շտկվում է։
Ինքս, էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչ լինելով, դեռևս չեմ հասցրել բախվել բացասական խտրականության հետ, ընդհակառակը` էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչներս ունենք առավելություն ուսումնական հաստատություն ընդունվել մեկ քննությամբ, ինչը, կարծում եմ, մեծ առավելություն է մեզ համար։ Դրական խտրականություն է նաև ազգային փոքրամասնությունների ինտեգրացիան, այսինքն՝ գիտակցում, որ նրանք պետք է հավասարապես ներգրավված լինեն բոլոր սոցիալական գործընթացների մեջ։
Հիմնականում էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների գործունեությանը կարող է խոչընդոտել աշխատանքային ոլորտում լեզվի անբավարար իմացությունը։
Կարծում եմ, երբ տվյալ մասնագետը լավ է տիրապետում իր մասնագիտությանը և հաղորդակցման խնդիր չունի, դրանց զուգահեռ` ունի ձգտում դեպի աշխատանքը, խոչընդոտների չի հանդիպի։
Հեղինակ՝ Ֆեոժենյա Հարությունյան, 19 տարեկան
Ախալքալաք, գ. Լոմատուրցխ
Թբիլիսիի պետական համալսարանի ուսանող
Այս հրապարակումը ստեղծվել է մրցույթի շրջանակներում, Վրաստանի Կանանց Հիմնադրամի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է հեղինակը, այն կարող է չհամընկնել «Ալիք Մեդիայի» և Վրաստանի Կանանց Հիմնադրամի հայացքներին։