Հայկական բնաշխարհ, հեթանոսական երազ, պղնձի վրա փորագրություններ ու կոլաժներ՝ կաշվից, փայտից, ապակուց, թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերից: Հայտնի նկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ Արմեն Խոջոյանի ավելի քան 4 շարքի գործերն առաջին անգամ ցուցադրվեցին Թբիլիսիում:
Այս ցուցահանդես-հանդիպմամբ բացվեց Վրաստանում անցկացվող Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակներին նվիրված միջոցառումների շարքը:
Ներկայացված գործերում հատկանշական են կոլաժները. Խոջոյանն ասում է՝ դրանք պարունակում են հոգևոր էլեմենտներ.
«Աշխատանքներ կան, որոնք բերվել են Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի սբ Հակոբ եկեղեցու վեղարների մնացած մասունքներից: Դրանք հոգևոր դաշտ են ստեղծում: Իրերը, որոնք 300 տարվա կյանք ունեն, ստացել են մի ուրիշ ձև, որը նրանց շարունակությունն է: Ես կապ չունեմ՝ ես ուղղակի շարունակողն եմ, որքան դեռ կապրեն, ուր կգնան, չգիտեմ․ իմ կարծիքով արվեստն այսպես է ստեղծվում»,- «Ալիքի» հետ զրույցում ասում է Խոջոյանը:
Ցուցադրված աշխատանքների հեղինակ Աննա Ադիյանն առաջին անգամ է Թբիլիսիում: Միջավայրից տպավորված ասում է․ «Ես իմ կտավներով աշխարհը փորձում եմ ավելի գեղեցիկ դարձնել: Ցանկալի կլիներ, որ արվեստասեր հասարակություննն ավելի շատ լինի, իսկ ընդհանրապես կյանքը լավն է ու հետաքրքիր»:
Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ «Հայարտուն» կենտրոնում կայացած ցուցահանդեսը համեմվել է արձակագիր Վարդան Ֆերեշեթյանի հետ հանդիպումով: Վերջինս հանդես է եկել ընթերցանությամբ, ներկայացրել է Կոմիտասին նվիրված էսսե: