Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Լիտվայի նախկին նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն, Ֆինլանդիայի նախկին վարչապետ Սանա Մարինը և ութ այլ նախկին պաշտոնյաներ տարբեր երկրներից իրենց աջակցությունն են հայտնում վրաց ժողովրդին և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։
Նրանք նախագահ Զուրաբիշվիլիին անվանում են Վրաստանի «միակ օրինական առաջնորդ»։
«Ես հպարտ եմ, որ միանում եմ աշխարհի տարբեր երկրների ղեկավարներին՝ Վրաստանի պատմության այս կրիտիկական պահին համերաշխություն հայտնելու վրաց ժողովրդին և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։ Վրաստանը մեկուսացված չէ. այն վճռորոշ մարտադաշտ է ավտորիտարիզմի և ժողովրդավարության գլոբալ պայքարում»,- դեկտեմբերի 10-ին Facebook-ում գրել է Քլինթոնը։
«Ջորջթաունի կանանց, խաղաղության և անվտանգության ինստիտուտ»-ի կայքում հրապարակված նամակում ստորագրողները գրում են, որ իշխող կուսակցության գործողությունները, ներառյալ ԵՄ անդամակցության բանակցությունների կասեցումը և խաղաղ ցույցերի բռնի ճնշումը, Վրաստանի Սահմանադրության և մարդու հիմնարար իրավունքների ակնհայտ խախտում են:
«Չնայած կառավարության մշտական ճնշմանն ու ոտնձգություններին, նախագահ Զուրաբիշվիլին ցուցաբերել է անսասան քաջություն և առաջնորդական հատկանիշներ և դատապարտում է կառավարության հակաժողովրդավարական քայլերը։ Կանգնելով ցուցարարների կողքին և դատապարտելով «Վրացական երազանք»-ի հակասահմանադրական գործողությունները՝ նա դարձավ իր ժողովրդի կամքի մարմնավորումը և աջակցեց ժողովրդավարական սկզբունքներին, որոնց Վրաստանը երկար ժամանակ ձգտում էր ամբողջությամբ հասնել։ Նա մնում է միակ լեգիտիմ առաջնորդը երկրում, որտեղ գործող կուսակցությունն իշխանության է եկել կասկածելի ընտրությունների միջոցով»,- կարծում են ստորագրողները։