Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն Palitranews-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ աշնան վերջին սպասում են կորոնավիրուսի երկրորդ ուժեղ ալիքին, իսկ ձմռանը վարակը էլ ավելի կակտիվանա:
Իմնաձեի խոսքով, արգելքների վերացման հետևանքով հնարավոր է դեպքերի քանակը ավելանա:
«Ժողովրդին թվում է, թե կորոնավիրուսը վերացավ, սակայն այն կրկին մեզ հետ է՝ առնվազն մեկ տարի: Աշնան վերջերին սպասում ենք երկրորդ ուժեղ ալիքին, սրա հավանականությունը մեծ է, իսկ ձմռանը վարակը շատ ավելի կակտիվանա: Պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ: Սոցիալական հեռավորություն, մեծ հավաքներից խուսափում, ձեռքերի հիգիենա և դիմակ՝ սա է կորոնավիրուսի հետ ապրելու կարգը: Եթե այս կարգը պահպանենք ամռանը վարակը շատ ակտիվ չի լինի»,- հայտարարել է Իմնաձեն:
Մայիսի 18-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 6 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր դեպքերի թիվը երկրում կազմում է 701: Ընդհանուր հաշվով վարակը երկրում հաղթահարել է 432 մարդ: Մահացել է 12 մարդ: