Մառնեուլիի շրջանի Դամյա գյուղի դպրոցում նոյեմբերի 5-ին նշեցին Աշնան տոնը: Աշնանային տաք եղանակը նույնպես նպաստում էր տոնական տրամադրությանը:
Ինչպես «Ալիք մեդիային» պատմում է դպրոցի՝ «վրացերենը որպես երկրորդ լեզու» առարկայի ուսուցչուհի Մզիա Գունիան՝ «կաթսաներում եփում էր շփոթը, թելի վրա շարված ընկույզները թաթախում էինք և համեղ չուրչխելներ (սուջուխ) ստանում»:
«Աշակերտները ներկայացրեցին երաժշտական և պարային համարներ, ընթերցեցին բանաստեղծություններ, նվագեցին, մրցեցին միմյանց հետ զվարճալի հանելուկներով», — մեզ հետ զրույցում պատմում է ուսուցչուհին, — «Միևնույն ժամանակ ցուցադրվեցին՝ աշնան թեմայով աշակերտների նկարչական աշխատանքներն ու կոմպոզիցիաները»:
Աշակերտների և ուսուցիչների հետ միասին ծնողները ևս ակտիվորեն մասնակցեցին միջոցառմանն ու մրցույթներին:
«Տոնն էլ ավելի ջերմացրեց աշնանային արևը՝ թարմացնելով ներկաների սրտերը»: