Օրեր առաջ Թբիլիսիում տարածվեց տեղեկություն, թե դպրոցներում աշակերտներից պահանջում են տրամադրել ծնողների անձնական տվյալները:
Տեղեկությունը ճեպազրույցում հայտնել էր «Չեմի Խմա» («Իմ ձայնը») կոալիցիայի խոսնակներից Լոնդա Թոլորաիան։ Նա կոչ էր արել Անձնական տվյալների պաշտպանության գրասենյակին ուսումնասիրել անչափահասներից ծնողների մասին անձնական տվյալների հավաքագրման հարցը:
«Մի քանի րոպե առաջ տեղեկություն տարածվեց, որ դպրոցներում աշակերտներից հավաքագրում են նրանց ծնողների անձնական տվյալները: ԿԳԵՆ-ը պետք է պարզաբանի՝ ինչու է անհրաժեշտ նման տեղեկության հավաքագրումը, արդյոք դա օրինական է, թե՞ ոչ»,- ասել էր Թոլորաիան:
Վրացի իրավաբան Գիորգի Մոնիավան «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասում է, որ դպրոցներում և այլ պետական հաստատություններում աշխատակիցներից պահանջում են իրենց, ինչպես նաև ընտանիքի անդամների անձնական տվյալները: Իրավաբանի պարզաբանմամբ՝ դա մարդու իրավունքների խախտում է:
«Քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրումը քրեական հանցագործություն է: Այս ամենն արվում է ընտրություն կատարողների վրա ճնշում գործադրելու նպատակով, չի կարելի վերցնել մարդկանց անձնական տվյալները ցանկացած նպատակով, դա հանցագործություն է:
Այս գործողությամբ տվյալները հավաքողներն ուզում են տպավորություն ստեղծել, որ անձնական տվյալների միջոցով կարող են իմանալ՝ թե ում է իր ձայնը տալու ընտրողը: Սա իհարկե, չի համապատասխանում իրականությանը»,-ասում է Մոնավան:
Ըստ նրա, ընտրողին սպառնում են՝ թելադրելով՝ ում ընտրի, քանի որ անձնական տվյալն իրենց ձեռքում է:
Մոնիավայի խոսքով, այդուհանդերձ, ընտրողի ձայնը միանշանակ մնալու է գաղտնի, որևէ մեկը չի կարող ստուգել, թե այս կամ ընտրողը ում օգտին է քվեարկել։ Նա քաղաքացիներին հորդորում է նույնիսկ նման դեպքերում իրենց քվեն ընտրախցիկում արձանագրել ազատորեն։
Մառնեուլիի Դամիա գյուղի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լյուդմիլա Նալբանդյանը «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասում է, որ գյուղի դպրոցում նման դեպք տեղի չի ունեցել, թեև հիշում է տարիներ առաջ կատարված նմանատիպ պատմություն․
«Մեր դպրոցում նման դեպք չի նկատվել, դա հաստատ է, սակայն կարող եմ հիշել մի քանի տարի առաջ ընտրությունների ժամանակ կատարվածը՝ բոլորին հանձնարարում էին հինգական մարդու տվյալներ տրամադրել, ինձնից էլ աղջկաս տվյալները ուզեցին (ով Վրաստանում չի ապրում և չէր մասնակցելու ընտրություններին, հեղ.)։ Ես, իհարկե, հրաժարվեցի, ասելով որ անձնական տվյալները միայն տվյալ մարդուն են պատկանում:
Դպրոցները օրինականորեն ունեն երեխաների ծնողների/խնամակալների տվյալները, որոնք ոչ ոքի չի տրամադրվում։ Այդ տվյալներն անձեռնմխելի են: Նման երևույթն անթույլատրելի է թե՛ իրավաբանորեն, թե՛ մարդկայնորեն: Մարդու անձնական տարածք ներխուժել չի կարելի»,- ասում է Նալբանդյանը:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, որ դպրոցներում օրենքի խախտման դեպքեր են արձանագրվում։ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ անհրաժեշտ է բացահայտել, թե որ դպրոցներն են։
«Դպրոցներում երեխաներից տվյալներ պահանջելն օրենքի խախտում է։ Երեխան չպետք է տա իր ծնողի անձնական համարը։ Անհրաժեշտ է բացահայտել, թե որ դպրոցներն են․․․»,-գրել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Փաստին արձագանքել էր ԿԳԵ նախարարությունը, որը նախագահի տարածած տեղեկությունը որակել էր «սուտ և ապատեղեկատվություն»` հավելելով, որ «դպրոցները պարբերաբար թարմացնում են համակարգում առկա տվյալները՝ ծնող/օրինական ներկայացուցիչ, կոնտակտային հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե և բնակության հասցե»։