Աշակերտները ստիպված չեն լինի դպրոցի տարածքում դիմակ կրել:
Ինչպես տեղեկացնում է Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունը՝ երեխաները դիմակ կկրեն կամավորական հիմունքներով:
«Դպրոցում դիմակ կրելը պարտադիր չէ ոչ մի դասարանի աշակերտների համար, թեև, ոչ էլ արգելված է, ցանկության դեպքում կարող են կրել»,- ասել են նախարարությունից:
Հիշեցնենք՝ Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ՝ փետրվարի 15-ից Թբիլիսիում, Ռուսթավիում և Քութաիսիում ուսուցումը կշարունակվի դասասենյակներում:
Փետրվարի 1-ից Վրաստանի բոլոր շրջաններում բացի Թբիլիսիից, Ռուսթավիից և Քութաիսիից դասապրոցեսը ընթանում է դասասենյակներում: Վերոնշյալ երեք քաղաքներում դասապրոցեսի՝ դասասենյակներում վերսկսելը նախատեսվում էր մարտի 1-ից, սակայն երկրում առկա համաճարակային իրավիճակից ելնելով՝ որոշում է կայացվել ավելի շուտ վերացնել նշված սահմանափակումը: