Աշակերտի հանդեպ բռնության կասկածանքով ուսուցչի նկատմամբ հետաքննություն է սկսվել

Վրաստանի Իմերեթիի մարզի Քութայիսի քաղաքը 6-րդ հանրակրթական դպրոցի ղեկավարությունը հետաքննում է պատմության ուսուցչի կողմից աշակերտի նկատմամբ հնարավոր բռնության փաստը։ Ապրիլի 5-ին դպրոցի աշակերտներից մեկի ծնողը սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածել 6-րդ դասարանի աշակերտի նկատմամբ կիրառված ֆիզիկական և խոսքի միջոցով բռնության մասին։

Աշակերտի ծնողի՝ Նինո Կվիժինաձեի պնդմամբ, տարիներ շարունակ չի դադարեցվել ուսուցչի բռնությունները դպրոցում. նա պահանջում է ուսուցչին հեռացնել դպրոցից։

Քութայիսիի 6-րդ հանրակրթական դպրոցի տնօրեն Դիմիտրի Կարսելաձեն հաստատել է, որ տեսանյութում պատկերված փաստով ներքին հետաքննություն է սկսվել: Կարսելաձեի խոսքով, ուսուցչից արդեն մեկ անգամ հարցազրույց են վերցրել, նախատեսում են հարցազրույց անցկացնել նաև աշակերտների հետ։

Կարսելաձեն կտրականապես հերքել է, որ դա ուսուցչի կողմից բռնության առաջին դեպքը չէ։ Տնօրենի խոսքով՝ նմանօրինակ այլ միջադեպեր ուսուցչի կողմից չի նկատվել:

Ի դեպ, սոցցանցերում հրապարակված 5 վայրկյան տևողությամբ տեսանյութում երևում են դասասենյակն ու ուսուցիչը՝ դեմքով դեպի աշակերտը, որը նստած է գրասեղանի մոտ: Կադրում երևում է ֆիզիկական հպում, երեխան ձեռքերով փակում է գլուխը, և լսվում է ուսուցչի խոսքը՝ «դո՛ւ, կապիկ»։

Քութայիսիի կրթական ռեսուրսային կենտրոնի ղեկավար Մաիա Ցքիթիշվիլիի խոսքով՝ փաստով հետաքրքրվել են համապատասխան մարմինները, և ռեսուրս կենտրոնի աուդիտորական ծառայությունը սկսել է հետաքննություն։

Ըստ առկա տեղեկությունների՝ ուսուցիչը հեռացվել է դասավանդման գործընթացից մինչև քննության ավարտը։