Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի շրջանի մի շարք հայաբնակ գյուղերում ճանապարհաշինության և վերականգնման ծրագրեր կիրականացվեն:
Marneulifm.ge լրատվականի փոխանցմամբ՝ նոյեմբերի 22-ին կայացած Մառնեուլիի քաղաքապետարանի 2024 թվականի բյուջեի նախագծի հանրային քննարկման ժամանակ քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային ծառայության ղեկավար Կոբա Չխիտունիձեն խոսել է 2024 թվականի ընթացքում Մառնեուլիում նախատեսվող ճանապարհաշինության և վերականգնման ծրագրերի մասին։ Ըստ նրա՝ Մառնեուլիի գյուղերում այցեր են տեղի ունեցել, հանդիպել են բնակչության հետ, կարիքներից ելնելով և բնակչության խնդրանքով նշված աշխատանքները ներառվել են 2024 թվականի բյուջեում։
2024 թվականի ընթացքում Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է իրականացնել ճանապարհների ասֆալտապատման 20 ծրագիր։ «Ալիք Մեդիա»-ն ներկայացնում է Մառնեուլիի այն հայաբնակ գյուղերի ցանկը, որտեղ նախատեսվում է ասֆալտապատում իրականացնել.
- Աղքյորփի գյուղի ներքին ճանապարհների վերանորոգման աշխատանքներ՝ 268 հազար 100 լարի,
- Խոժոռնի գյուղի ներքին ճանապարհների վերանորոգման աշխատանքներ՝ 414 հազար 800 լարի,
- Շահումյանի ներքին ճանապարհների վերականգնում՝ 115 հազար 900 լարի,
- Աղքյորփի գյուղի ներքին ճանապարհի վերանորոգում (բետոնապատմամբ)՝ 400 հազար լարի,
- Աղքյորփիում դեպի զբոսաշրջային դիտակետ մուտքի ճանապարհի վերականգնում՝ 200 հազար լարի: