Արզամնա գյուղի դժվարանցանելի ճանապարհը

Ախալքալաքի շրջանում Ազմանա գյուղում գյուղամիջյան ճանապարհի անբարեկարգ վիճակը երկար տարիներ է, ինչ խնդիրներ է առաջացնում բնակիչների համար։ Այն հատկապես վատ եղանակներին դառնում է դժվարանցանելի՝ առաջ բերելով  մի շարք անհարմարություններ համայնքի բնակիչների համար։

«Վատ եղանակային պայմաններում մեզ համար դժվար է անցնել ճանապարհով։ Երբ անձրև է գալիս, ճանապարհը դառնում է լի փոսերով ու ցեխաջրով։ Պատկերացրեք՝ ամեն անգամ այսպիսի պայմաններում մենք պետք է անցնենք ոտքով»,- ասում է Ազմանա գյուղի բնակիչներից մեկը։

Բացի այդ, անբարեկարգ ճանապարհը վտանգում է նույնիսկ վարորդների երթևեկությունը։

«Շատ են դեպքերը, երբ մեքենաները դժվարությամբ են դուրս գալիս ճանապարհի։ Իմ մեքենան ցածր է, եթե զգուշությամբ չանցնեմ, ապա կարող եմ վնասել։ Լավ կլիներ, որ գյուղամիջյան ճանապարհը գոնե մի փոքր բարեկարգվեր», — նշում է Ազմանայի մեկ այլ բնակիչ։

Գյուղի բնակիչները նշում են նաև, որ այս անմխիթար վիճակում գտնվող ճանապարհը բացասաբար է անդրադառնում գյուղի զարգացման վրա․ եթե ճանապարհը բարեկարգվի, ապա գյուղը կսկսի զարգանալ։

Նշենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոն 2024-2027թվականներին նախատեսում է իրականացնել 6 ենթակառուցվածքային նախագծեր՝

  1. Օլավերդ գյուղի ճանապարհի վերականգնում․ երկարությունը 3,413 կմ, գումարը 2,276,822 լարի,
  2. Ղադոլար գյուղի ճանապարհի վերականգնում․ երկարությունը 1,990 կմ, գումարը 1, 611, 121 լարի,
  3. Տուրցխ գյուղի ճանապարհի վերականգնում․ երկարությունը 1,755 կմ, գումարը 1,298, 781 լարի,
  4. Գոման-Բալխո-Բուղաշեն ճանապարհի վերականգնում․ 3,660 կմ, գումարը` 3,037,388 լարի,
  5. Ափնիա-Գոգաշեն ճանապարհների վերականգնում․ 2.271 կմ, գումարը՝ 1,798,235 լարի,
  6. Ալաստան գյուղում 4,646 կմ երկարությամբ ջրանցքի կառուցում, նախագծի արժեքը՝ 208.068 լարի։

Այս նախագծերը կիրականացվեն երեք տարվա ընթացքում՝ վերականգնելով նաև Ֆիլիպովկա, Ազմանա և Թախչա գյուղերի ճանապարհները, որից հետո մունիցիպալիտետը կսկսի զբաղվել գյուղերի ներքին ճանապարհների ասֆալտապատմամբ։

Հեղինակ՝ Լուսինե Նուրջանյան