Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի ու այլ քաղաքների հասարակական տարբեր վայրերում սեպտեմբերի 17-ից տեղադրված «արյունոտ պաստառները» վերջին օրերին լայն քննարկման առիթն են դարձել։
Հոկտեմբերի 2-ին կայանալիք տեղական ինքնակառավարման ընտրություններից առաջ քաղաքների կենտրոնական հատվածներում տեղադրված պաստառներին արյան ֆոնին պատկերված են ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները՝ մասնավորապես՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, նախկին վարչապետ Գիորգի Գախարիան, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան, ընդդիմադիր «Մթավարի Արխի» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան, Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գիգա Բոկերիան, TV Pirveli-ի հեռուստահաղորդավար Նոդար Մելաձեն և այլոք: Իսկ պաստառների վրա գրված է՝ «Ո՛չ նացերին: Ո՛չ չարիքին: Ո՛չ դավաճանությանը»:
Պարզվել է, որ պաստառները տեղադրվել են «Ալմա» ՍՊԸ-ի թույլտվությամբ, որին էլ պատկանում են պաստառների տեղադրման վայրերը: Ի դեպ, արյունոտ պաստառները տեղադրվել էին դիմակ կրելու և պատվաստման կոչի պաստառների փոխարեն:
Արյունոտ պաստառների հետ կապված կենտրոնական ընտրական հանձնաժողով բողոքով դիմել են Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային ընկերակցություն (ISFED) կազմակերպությունը, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումն» ու «Էլենե Խոշտարիա- ժամանակն է» կուսակցությունները:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր պատասխանում բացատրել է, որ սա չի կարող համարվել ընտրական օրենսգրքի խախտում, քանի որ պաստառների պատվիրողը եղել է ֆիզիկական անձ: ԿԸՀ-ն ստուգել է ու եզրակացրել, որ այս անձը որևէ կապ չունի որևէ քաղաքական ուժի հետ, երբեք գումար չի նվիրաբերել որևէ կուսակցության ու պաշտոնապես կապված չէ ընտրական սուբյեկտների հետ: Պաստառների պատրաստումն ու տեղադրումը ևս տեղի չի ունեցել որևէ քաղաքական կուսակցության ֆինանսավորմամբ: Հետևաբար, սա չի կարող համարվել ընտրական օրենսգրքի խախտում:
ԿԸՀ-ի որոշման հետ կապված մեկնաբանություն է արել ISFED-ի տնօրեն Նինո Դոլիձեն:
«Ընտրություններից երկու շաբաթ առաջ, երբ երկրի մասշտաբով այսքան պաստառ է տեղադրվում, որտեղ անմիջականորեն ընտրական սուբյեկտներն են պատկերված, ներկայացված է նաև կուսակցություններից մեկի անունը, մենք սա տեսնում ու ընկալում ենք որպես ընտրական քարոզչություն: Նման որոշումը կարող է հետագայում խրախուսել այսպիսի նախաձեռնությունները»,- ասել է Նինո Դոլիձեն: