Արտերկրում ընտրատեղամասեր կբացվեն

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) ծրագրում է առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար արտասահմանյան 42 երկրներում բացել 60 ընտրատեղամաս։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտնել է ԿԸՀ-ի մամուլի քարտուղար Նաթիա Իոսելիանին։

Այս ընտրություններում քվեարկելու հնարավորություն կունենան արտերկրում բնակվող և հյուպատոսությունում գրանցված Վրաստանի 65 հազար 508 քաղաքացի։ ԿԸՀ-ն այդ մասին տվյալներ է տրամադրել Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը։

2020 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրելու իրավունք ուներ 14 հազար 170 վրացի էմիգրանտ։

Իոսելիանիի խոսքով՝ զգալի կավելանա նաև արտասահմանում ընտրատեղամասերի թիվը։ Դրանք կբացվեն, այդ թվում այն ​​երկրներում, որտեղ Վրաստանի քաղաքացիները նախկինում երբեք չեն մասնակցել ընտրությունների՝ ԱՄԷ-ում, Ֆինլանդիայում, Հարավային Կորեայում, Ճապոնիայում, Ավստրալիայում: