Այսօր առավոտյան խորհրդարանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» և «Օտարերկրյա գործակալների գրանցման» մասին աղմկահարույց օրինագծերի քննարկմանը զուգահեռ Թբիլիսիի կենտրոնում մեկնարկեց բողոքի բազմամարդ ակցիա։
Ցուցարարները քաղաքացիական հասարակության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ էին, ուսանողներ, քաղաքական գործիչներ, մտահոգ քաղաքացիներ։ Նրանք իրենց հետ բերել էին պաստառներ, սուլիչներ, կազմակերպիչների խոսքով նպատակը՝ իրենց ձայնն ավելի լսելի դարձնելն է։
«Ո՛չ ռուսական օրենքին», «Այս օրենքը ռուսական պատ է» և այլ գրություններով պաստառների կողքին ծածանվում էին Վրաստանի, Եվրամիության և Ուկրաինայի դրոշները։
«Այսօր այստեղ պետք է կանգնած լինեին բոլորը, ովքեր հասկանում են, որ հարցը մեր երկրի ապագային է վերաբերում։ Անկախ քաղաքական հայացքներից, կուսակցությունից, աշխատավայրից, եթե խնդիրը համընդհանուր է, ապա միասին պիտի լուծենք։ Այսօր այս օրենքի վերաբերյալ որոշումը կվերաբերի յուրաքանչյուրիս ապագային»,- «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասաց ցույցի մասնակից, քաղաքացիական ակտիվիստ Նաթիա Ջանջղավան։
Նա հավելեց, եթե այսօր հանրությունը հանդուրժի հիշյալ օրենսդրական փաթեթի ընդունումը, վաղը ավելի վատ օրենքներ կընդունվեն, և «ի վերջո կկորցնենք անկախ պետության կարգավիճակը»։
«Այս պահին մեր դիրքորոշումն ավելի պարզ պետք է լինի, եթե մեզ հայտնի է, թե ինչ է անում Ռուսաստանը Ուկրաինայում, և մենք այստեղ ռուսական օրենք ենք ընդունում, որը ակնհայտ է նպատակ ունի խաթարել մեր լավ հարաբերություններն Արևմուտքի հետ», — ասում է քաղակտիվիստը։
Ցույցի կազմակերպիչներից Grlzwave հասարակական կազմակերպության անդամ, ֆեմինիստ Աթինա Բրեգվաձեն «Ալիք մեդիայի» հետ զրույցում ընդգծեց, որ «եկել են իրենց իրավունքների համար պայքարելու»։
«Մենք աշխատում ենք պաշտպանել կանանց իրավունքները, անում ենք ամեն հնարավորը, որպեսզի մեր երկրում գենդերային հավասարություն լինի, կանայք ունենան աշխատատեղ, մասնակցեն ինքնազարգազման և այլ նախագծերի, լինեն ակտիվ, սակայն որոշ ուժեր փորձում են սահմանափակել մեր աշխատանքը։ Ակցիայի կազմակերպմանը մասնակցում ենք, քանի որ մեզ համար կարևոր են այս արժեքները, կարևոր է այն ռեսուրսը, որը ստանում ենք արտերկրից՝ մեր երկրի վիճակը բարելավելու համար», — ասում է Բրեգվաձեն։
Ցուցարարները նախ հավաքվել էին խորհրդարանի առաջնամասում, այնուհետև անցան հետնամասի մուտքի մոտ, որտեղից ներս են մտնում պատգամավորները։ Խորհրդարանում ուժեղացված հսկողություն է, ոստիկանները պատ են կազմել մուտքի առջև։ ԶԼՄ-ներին թույլ չի տրվում մուտք գործել դահլիճ, որտեղ ընթանում է օրենքի քննարկումը։ Խորհրդարանի ներսում ևս իրավիճակը լարված է։
Հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին երկու անգամ տեխնիկական ընդմիջում է հայտարարել պատգամավորների միջև սկսված քաշքշուկի պատճառով։ 10 պատգամավորներ նախազգուշացում են ստացել, մի քանիսը լքել են դահլիճը։
«Օտարերկրյա գործակալների» փաթեթը երկու օրինագիծ է ներառում՝ «Օտարերկրյա ազդեցության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին»:
Աղմկահարույց այս երկու օրինագծերն էլ խորհրդարան է բերել «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը։
Փաթեթը ենթադրում է «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։ Հեղինակներն այն համարում են «ամերիկյան», ընդդիմախոսները՝ «ռուսական»։
Ընդգծենք՝ փաթեթը քննադատել են Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը, ԵՄ-ն և ՄԱԿ-ի ներկայացուցչությունները, ՆԱՏՕ-ն, միջազգային այլ կառույցներ և եվրախորհրդարանականներ:
Հավելենք նաև, որ Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների և պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովներն արդեն հավանություն են տվել օրինագծերին: