
2023 թվականի սեպտեմբերի 4-ից մինչ օրս Վրաստանի 4 խոշոր քաղաքներում արտանետումների ստանդարտներին չհամապատասխանելու համար տուգանվել է 3243 իրավախախտ։ Տեղեկությունը տարածել է Վրաստանի Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունը:
2023 թվականի սեպտեմբերի 4-ից Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության բնապահպանական վերահսկողության դեպարտամենտի աշխատակիցները վերահսկում են Վրաստանի 4 խոշոր քաղաքներում՝ Թբիլիսիում, Ռուսթավիում, Քութայիսիում և Բաթումիում երթևեկող ավտոմեքենաների արտանետումները։
Ըստ տեղեկության, ամենաշատ տուգանքները՝ 1502, գրանցվել են Թբիլիսիում։ Քութայիսիում գրանցվել է 707 խախտում, Բաթումիում՝ 564, Ռուսթավիում՝ 470։
3243 տույժ-անդորրագրերից 2785-ը գրվել են ֆիզիկական անձանց անունով, 458-ը՝ իրավաբանական անձանց։
Ֆիզիկական անձի դեպքում տուգանքի չափն առաջին անգամ կազմում է 100 լարի, երկրորդ անգամ՝ 300 լարի, երրորդ անգամ՝ 600 լարի, իսկ իրավաբանական անձի դեպքում տուգանքը կազմում է 500 լարի, երկրորդ անգամ՝ 1500 լարի, երրորդ անգամ՝ 3000 լարի: Եթե տուգանքը վճարվի 10 օրվա ընթացքում, ապա տուգանքի չափը կկրճատվի 20 տոկոսով։