
Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ մեկ շաբաթվա ընթացքում ամբողջ Վրաստանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ բարձրացում, ինչը մեծացնում է անտառային և դաշտային հրդեհների վտանգը:
«Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը կոչ է անում ցուցաբերել բարձր քաղաքացիական պատասխանատվություն, կրակներ չվառել գյուղատնտեսական նշանակության հողերի վրա, անտառի կամ դաշտերի մերձակայքում և հրդեհները չթողնել աննկատ:
Հիշեք, որ կենցաղային աղբը կարող է ինքնահրկիզվել, ուստի` մի աղտոտեք շրջակա միջավայրը:
Ծխի կամ հրդեհի դեպքում անհապաղ տեղեկացրեք ՆԳՆ Հանրային անվտանգության կառավարման կենտրոն` 112 հեռախոսահամարով», — ասվում է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հայտարարությունում: