Վրաստանի ընդդիմադիր «Լելոյի» առաջնորդ Մամուկա Խազարաձեն հայտարարել է, որ արտահերթ ընտրությունների պահանջը սխալ է, ավելին՝ թակարդ է ընդդիմության համար։
Ըստ Խազարաձեի` արտահերթ ընտրությունները կօգնեն միայն իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը։
«Եվրամիության թեկնածություն ստանալու համար պետք է ստիպենք նրանց (իշխանությանը-խմբ.) կատարել 12 հանձնարարականները, հասարակության պահանջն է Եվրոպան»,- ասել է Խազարաձեն:
Ի դեպ, Վրաստանի չորրորդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ասել է, որ պետք է ստեղծվի համակարգող խորհուրդ, որը հնարավորություն կտա ընդդիմադիր տարբեր կուսակցություններին հանդես գալու միասնական ուղերձով, թե ինչպես կարելի է խաղաղ ճանապարհով փոխանցել իշխանությունը։ Նրա խոսքով, նման խորհուրդը չի նշանակում միասնական ընտրական ցուցակ:
Մարգվելաշվիլիի խոսքով՝ ապալեգիտիմացված իշխանությունը պետք է փոխվի, և որքան արագ փոխվի, այնքան լավ։ Ըստ նրա՝ որպեսզի արտահերթ ընտրությունները հնարավոր դառնան, պետք է իշխանափոխությանն այլընտրանք ստեղծվի։
Մարգվելաշվիի նախաձեռնությանը համամիտ է նաև Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին։ Սաակաշվիլիի խոսքով՝ մոլորություն է, եթե որևէ մեկը կարծում է, որ առանց արտահերթ ընտրությունների հնարավոր է առաջընթացի հասնել։
Նշենք, որ այն դեպքում, եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվեն մինչև 2024 թվականը, դրանք պետք է ընթանան հին, խառը կարգով, ինչը նշանակում է համամասնական և մեծամասնական մանդատներ՝ 120/30 հարաբերակցությամբ:
Ընդգծենք՝ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն լիովին համամասնական կարգով՝ 5 տոկոսի շեմի պայմաններում։