«Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Միրզոյանը հայտնեց, որ այսօր՝ դեկտեմբերի 4-ին, 3-րդ անգամ դիմել են դատարան Լաշա Արսենիձեի դեմ` Վրաստանում բնակվող հայերի նկատմամբ նրա հնչեցրած վիրավորանքների և սպառնալիքների գործով։
ՀԿ-ի ղեկավարը «Ալիք Մեդիային» փոխանցեց, որ մինչ այդ հայցի մեջ ինչ-որ անճշտություններ էին գտնում և մերժում, և իրենք ստիպված են եղել որոշ փոփոխություններով նորից ներկայացնել հայցը․
«Դեռևս նմանատիպ գործ չի քննարկվել Թբիլիսիի քաղաքային դատարանում, ուստի դժվար է մեզ համար էլ, քանի որ անընդհատ անճշտություններ են գտնում ու մերժում, բայց մենք վճռական ենք տրամադրված և, որոշ փոփոխություններ կատարելով, նորից ներկայացնում ենք հայցը»։
Միրզոյանը տեղեկացրեց նաև, որ հավանաբար 3 օրից կիմանան պատասխանը` կընդունվի՞ հայցը, թե՞ ոչ։
Ի դեպ, 2023 թվականի մայիսի 14-ին սոցիալական ցանցերում հայատյաց բովանդակությամբ տեսանյութեր են տարածվել: Ուշագրավ է, որ նշված տեսանյութերն իրենց էջերում պատրաստակամորեն տեղադրել են իշխանական երկու մեդիաները՝ TV Imedi-ն և POSTV-ն, երկուսն էլ նմանատիպ վերնագրելով՝ «Դավիթ Ճիճինաձեի «Տրիբունա» կուսակցության առաջնորդներից մեկը վիրավորական խոսքերով է անդրադարձել Վրաստանում ապրող հայերին»: TV Imedi-ն անգամ ազդագիր է տեղադրել, որտեղ նշել է, որ տեսանյութերում պատկերված անձը Թբիլիսիի Ավլաբարի (Հավլաբար) թաղամասի մեծամասնական պատգամավոր Դավիթ Ճիճինաձեի «Տրիբունա» քաղաքական շարժման առաջնորդներից է: Սակայն, ըստ «Տրիբունա» կուսակցության պաշտոնական կայքի՝ տեսանյութում պատկերված անձը՝ Լաշա Արսենիձեն, կուսակցության անդամների ցանկում չկա: