Արսեն Աղջոյանը` «Ջավախքի ձայնը» նախագծի հաղթող

Արսեն Աղջոյանը Նինոծմինդայի շրջանի Մեծ Արագյալ գյուղից է։ Նոյեմբերի 8-ին Երևանի Առնո Բաբաջանյանի համերգասրահում կայացած «Ջավախքի ձայնը» նախագծի գալա-համերգի ժամանակ նա ճանաչվել է նախագծի հաղթող։ 

Արսենը երաժշտությամբ սկսել է զբաղվել դեռ փոքրուց՝ 10 տարեկանից։ Հաճախելով Նինոծմինդայի երաժշտական դպրոց` իր ուսուցչուհի Իրինա Կոլյանի շնորհիվ նա սկսում է ավելի շատ սիրել երգարվեստը։ Դպրոցն ավարտելուց հետո երաժշտական ճանապարհը նրան տանում է դեպի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, որտեղ այժմ երկրորդ կուրսում է սովորում։

«Ջավախքի ձայնը» նախագիծը, որի մասին Արսենը տեղեկացել է համացանցի միջոցով, դառնում է նրա երաժշտական կյանքի նոր սկիզբը: Այս նախագծին մասնակցելու համար նա պատրաստվել է շատ լուրջ՝ կատարելով Կոմիտասի «Գարուն ա» երգը և, հաղթահարելով առաջին փուլի դժվարությունները, հայտնվել է մրցույթի երկրորդ, իսկ հետո` եզրափակիչ փուլում:

Մրցույթի երկրորդ փուլը տեղի էր ունեցել Ախալքալաքում, որտեղ ընդգրկվել էին 39 մասնակիցներ, և միայն 17 լավագույններն էին հասել եզրափակիչ փուլ: Արսենն իր աշխատասիրությամբ, նպատակասլացությամբ ու տաղանդով արժանացել էր հանդիսատեսի ու ժյուրիի մեծ համակրանքին:

«Գալա-համերգին արդեն պատրաստվում էինք շատ ավելի ոգևորված ու ինքնավստահ, քանի որ աշխատում էինք Հայաստանի ազգային նվագարարների պետական նվագախմբի հետ, իսկ յուրաքանչյուրիս համար  շատ կարևոր էր ստանալ նման մեծ  մասնագիտական գիտելիքներ», — ասաց Արսենը:

Արսենն ընդգծեց նաև, որ մրցույթը ոչ միայն մեծ հնարավորություն էր նոր փորձ ու նորանոր գիտելիքներ ձեռք բերելու համար, այլև նոր ու ամուր ընկերությունների հաստատման մեծ առիթ: Նա նշեց, որ  մասնակիցներից մի քանիսին ճանաչում էր նախքան նախագծի մեկնարկը, սակայն շատերի հետ ընկերներ դարձան հենց նախագծի ընթացքում: 

«Շատ ջերմ ու ընկերական մթնոլորտ էր ստեղծվել, փորձերը շատ կարևոր էին բոլորիս համար և բավարար էին գալա-համերգին լիարժեք բեմ դուրս գալու համար», — հավելեց նա:

Արսենը պատմեց, որ գալա-համերգի օրը հանդիսատեսը շատ ջերմ ու մեծ ոգևորությամբ է ընդունել բոլոր արտիստներին։ Երբ հայտարարվել է նրա անունը,որպես հաղթող մասնակից, Արսենը խոստովանեց, որ դա անկրկնելի պահ էր.

 «Մինչ հայտարարման պահն արդեն անհավատալի էր, որովհետև հորիզոնականները քիչ էին մնացել, և այն պահին, երբ հայտարարեցին իմ անունը՝ շատ անսպասելի էր, շատ ուրախացա, մանավանդ երբ բեմից տեսա հուզված մորս։ Ընկերներս ստացան մրցանակներ ու գրավեցին հորիզոնականներ։ Շատ ուրախ եմ բոլորի համար», — ասաց Արսենը՝ հավելելով, որ հաղթանակը և հորիզոնական գրավելն այդքան կարևոր չեն, որքան ձեռք բերված գիտելիքները, փորձն ու ընկերությունը։ 

Ապագայի մասին Արսենը խոսեց մեծ ոգևորությամբ.

«Ուզում եմ ավարտել ուսումս, դառնալ օպերային երգիչ ու հանդես գալ ոչ միայն մեր օպերայի բեմում, այլ նաև Եվրոպայի բեմերում»,- ասաց նա և երիտասարդներին խորհուրդ տվեց հետևել նույն սկզբունքներին՝ «աշխատել նպատակասլաց և չվախենալ դժվարություններից»:

Նշենք, որ նախագիծն  իրակացնում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Մավր Մկրտչյանի հետ համատեղ։ Նախագծին  աջակցում են Վրաստանում ՀՀ դեսպանությունը և  Ախալքալաքի ու  Նինոծմինդայի քաղաքապետարանները։

Հեղինակ՝ Լուսինե Նուրջանյան