Արրասում ուսուցչին սպանող ահաբեկչի հայրը Վրաստանում է

Ֆրանսիայի Արրաս քաղաքում դպրոցի վրա հարձակում գործած անձի հայրը ներկայումս գտնվում է Վրաստանում։ 

Ֆրանսիական լրատվամիջոցների պնդմամբ, մեղադրյալ Մուհամմեդ Մոգուչկովի հայրը 2018 թվականին արտաքսվել է Ֆրանսիայից՝ ահաբեկչական նախաձեռնություններին մասնակցության համար և այժմ գտնվում է Վրաստանում։ Դա է պատճառը, որ Ֆրանսիայի ոստիկանությունը դեռ չի հարցաքննել նրան։

Ըստ տեղեկությունների` 20-ամյա Մուհամմեդ Մոգուչկովի իսլամիստական հայացքների ձևավորման վրա հայրը մեծ ազդեցություն է ունեցել։

Հիշեցնենք, որ Արրասում դպրոցի վրա հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ին, ինչի հետևանքով ուսուցիչներից մեկը զոհվել է, իսկ 3 հոգի ծանր վիրավոր է։ Ֆրանսիական աղբյուրների համաձայն՝ հարձակվողը հանցանքի պահին «Ալլահ աքբար» է բացականչել։ Ֆրանսիայի ոստիկանության աղբյուրը BFM հեռուստաընկերությանը հայտնել է, որ ձերբակալվածը մոտ 20 տարեկան ծագումով չեչեն է, տարիներ առաջ սովորել է նույն ճեմարանում։ Le Figaro-ի տվյալներով՝ Մուհամմեդ Մոգուչկով անունով այդ անձը նախկինում իրավապահների ուշադրության կենտրոնում էր հայտնվել արմատական իսլամիզմին հարելու կասկածանքով։

Մեղադրյալը ձերբակալվել է, իսկ Ֆրանսիայում գտնվող նրա բոլոր բարեկամներին ոստիկանությունը հարցաքննել է։ Մեղադրանք է ներկայացվել նաև եղբորն ու զարմիկին։

Հասմիկ Պետրոսյան, ստաժոր