Առողջապահության նախարարությունը Շովիում տուժածներին օգնություն է ցուցաբերում

Վրաստանի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ հոգեբաններն արդեն սկսել են աշխատել Ռաճայի մարզի Շովի հանգստավայրում տեղի ունեցած տարերային աղետից տուժածների, ինչպես նաև ողբերգության ժամանակ զոհվածների և անհետ կորածների ընտանիքների անդամների հետ։

Առողջապահության նախարարությունից հայտնել են՝ գերատեսչության առաջարկած ծառայությունները ներառում են հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիայի սեանսներ։ Անհրաժեշտության դեպքում` նաև հոգեբույժի խորհրդատվություն և նրա նշանակած դեղերի փոխհատուցում։

«Բոլոր տուժածների հետ կապ են հաստատել առողջապահության նախարարության ներկայացուցիչներն ու հոգեբանները։ Նրանցից ոմանք ցանկություն են հայտնել օգտվելու ծրագրից, և մասնագետներն արդեն աշխատում են նրանց հետ։ Տուժածների հետ շփումը շարունակվում է, և նրանք իրենց ցանկությամբ կներառվեն ծրագրում։

Շովիում աղետից տուժածների, զոհվածների և անհետ կորածների ընտանիքների անդամների հետ շփումը մշտապես կշարունակվի, և առողջապահության նախարարությունը կտրամադրի համապատասխան բժշկական ծառայություններ»,- հայտնել են նախարարությունից։

Հիշեցնենք. օգոստոսի 3-ի ժամը 16:00-ի սահմաններում տեղեկություն տարածվեց, որ Շովի հանգստավայրում սողանքային փլուզումներ են տեղի ունեցել: