Ախալքալաքի բնակչուհի, 47-ամյա Վարդուհի Պարոնյանը հիմնականում Հայաստանում է անցնում բոլոր անհրաժեշտ բժշկական հետազոտությունները, պատճառը հիմնավորելով պետական լեզվի՝ վրացերենի չիմացությամբ։
«Առողջական որևէ խնդրի դեպքում պետք է հասնել Թբիլիսի, որը ևս կապված է մեծ ծախսերի հետ, իսկ Հայաստանն այնքան էլ հեռու չէ. կարծում եմ՝ շատերը կնախընտրեն նույն միջոցը ծախսել Երևան մեկնելու համար, որտեղ քո իսկ լեզվով կկարողանաս բացատրել, թե ինչն է անհանգստացնում»,- ասում է Ախալքալաքի բնակչուհին։
Հայերով բնակեցված Սամցխե-Ջավախեթիում առողջապահական ծառայությունների հասանելիության մակարդակը չափազանց ցածր է: Պետական լեզվի չիմացության և հասանելի ծառայությունների մասին սուղ տեղեկատվության պատճառով տեղացիները հաճախ չգիտեն՝ ինչ անել։
Սրա մասին վկայում են մարզում անցկացված հարցումներն ու ուսումնասիրությունները։ Օրինակ` Սամցխե-Ջավախեթիում 600 քաղաքացու շրջանում CENN (Կովկասի բնապահպանական ոչ-կառավարական կազմակերպությունների ցանց) ՀԿ–ի հետազոտությունը փաստում է, որ գերակշիռ մեծամասնությունը (89.4 տոկոսը) չի օգտվում մունիցիպալ առողջապահական ծառայություններից (հարցվողների ընտանիքի անդամները` ևս): Հարցվածների միայն 6,6 տոկոսն է օգտվում անվճար դեղորայքի տրամադրման ծառայությունից, իսկ թանկարժեք հետազոտություններից (համակարգչային տոմոգրաֆիա, էզոֆագագաստրոդուոդենոսկոպիա, կորոնարոգրաֆիա, կրծքագեղձի քաղցկեղի գենետիկական հետազոտություն և այլն) օգտվել է ընդամենը 1,1 տոկոսը:
Մինչդեռ, Վրաստանի քաղաքացին, բացի վերոնշյալ ծառայություններից, կարող է օգտվել նաև հետևյալ մունիցիպալ ծառայություններից՝
- աջակցություն քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց (քաղցկեղ, երիկամային անբավարարություն, լեյկոզ և այլն),
- աուտիզմի սպեկտրի խանգարումներ ունեցող երեխաների վերականգնում,
- հաշմանդամների և սոցիալապես անապահով քաղաքացիների բուժօգնություն և այլն։
Նույն հետազոտությունը փաստում է, որ, ինչպես մունիցիպալ առողջապահական ծառայությունների դեպքում, Սամցխե-Ջավախեթիի բնակչության զգալի մասը (60,7 տոկոս) չի օգտվում նաև կենտրոնական պետական առողջապահական ծառայություններից։
Հարցվածները պետական ծրագրերից օգտվել են հիմնականում գյուղի բժշկի ծառայությունից՝ 17,5 տոկոսը, և 11,5 տոկոսը՝ շտապ օգնության։
Մինչդեռ պետական (կենտրոնական) առողջապահական ծառայությունները տրամադրում են՝
- հիվանդությունների վաղ հայտնաբերում և զննում,
- իմունիզացիա (պլանավորված պատվաստումներ),
- տուբերկուլոզի կառավարում,
- ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կառավարում,
- հոգեկան առողջության,
- մոր և մանկան առողջության ծառայություններ,
- շաքարախտի կառավարում,
- քրոնիկ հիվանդությունների բուժման համար դեղերի տրամադրում,
- և այլ ծառայություններ։
Մասնագիտությամբ բժիշկ, «Ջեներեյշն Այս» հասարակական կազմակերպության տնօրեն Մարի Միկոյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նշում է, որ հատկապես կանանց համար կրծքագեղձի, արգանդի վզիկի, հաստ աղիքի քաղցկեղի կանխարգելման համար կարևոր են այս օրգանների պրոֆիլակտիկ հետազոտությունները։ Սակայն Ազգային սքրինինգ կենտրոնը, որն իրականացնում է վերոնշյալ հետազոտությունները ողջ Վրաստանում, գտնվում է Թբիլիսիում։
Վերոնշյալ հիվանդությունների հետազոտությունը կենտրոնում անվճար է մայրաքաղաքում գրանցված Վրաստանի քաղաքացիների համար, որը ֆինանսավորվում է Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից։ Չնայած այս ծառայությունն անվճար է նաև մարզում բնակվող քաղաքացիների համար, սակայն, տեղում կենտրոնի մասնաճյուղ չլինելու պատճառով, փորձաքննությունն իրականացվում է միայն պլանային հիմունքներով՝ ելնելով պահանջարկից։
«Մարզեր, այդ թվում՝ Սամցխե-Ջավախեթի և Քվեմո Քարթլի երբեմն այցելում ենք «Մամոմոբիլ»–ով»,- «Ալիք Մեդիա»-ին հայտնեցին կենտրոնից։
Ազգային սքրինինգ կենտրոնից փոխանցեցին, որ «մամոմոբիլը» մարզ ուղարկելու համար կենտրոնը դիմորդների կոնկրետ թիվ պիտի ունենա։
Մարզում կանանց խնդիրներով զբաղվող «Առաջ դեպի նոր հնարավորություններ» հասարակական կազմակերպության տնօրեն Լյոլյա Ռայիսյանը նշում է, որ Սամցխե-Ջավախեթիում կանանց իրազեկվածության մակարդակն այս առումով շատ ցածր է։
«Որպես կանանց հարցերով զբաղվող տեղական ՀԿ-ի տնօրեն և ավելի քան 5 տարի կանանց հետ աշխատելու փորձ ունեցող, կարող եմ ասել, որ կանայք այստեղ գրեթե ոչինչ չգիտեն իրենց հասանելի ծառայությունների մասին: Կան անգամ ծառայություններ, որոնք նրանց համար ամբողջությամբ անվճար են, բայց չիմանալով դրա մասին` գումար են վճարում։ Պատճառներն են՝ լեզվի չիմացությունն ու մայրաքաղաքից հեռու լինելը»,- մեզ հետ զրույցում ասում է կազմակերպության տնօրենը։
Ըստ Լյոլյա Ռայիսյանի, կարևոր է, որ պետությունն անվճար ծառայությունների մասին տեղեկատվությունը հասցնի տեղացիներին:
Պարզելու համար, թե պետական ծրագրերի մասին հարցերով համագործակցություն արդյոք կա՞ տեղական լրատվամիջոցների հետ, «Ալիք Մեդիա»-ն կապ հաստատեց Նինոծմինդայի համայնքային Radio NOR-ի ղեկավար Արարատ Թթյանի հետ:
Նրա խոսքով, համավարակի ավարտից հետո առողջական խնդիրների մասին որևէ լրացուցիչ տեղեկատվություն չի փոխանցվել. «Ավելին, եթե առողջապահության վերաբերյալ որևէ դասընթաց կամ հանդիպում են անցկացնում, ապա դրա մասին ևս լրատվամիջոցներին չեն հայտնում»։
Ախալքալաքից լրագրող Սոնա Տոնականյանը, որ մինչև անցյալ տարի աշխատել է Ախալքալաքի ATV12 հեռուստաընկերությունում, ասում է, որ կորոնավիրուսի համավարակի ընթացքում հեռուստաընկերությունը համակարգված տեղեկատվություն է ստացել։ Համաճարակի ավարտից հետո, սակայն, նա չմտաբերեց նման որևէ դեպք:
Նշենք նաև, որ առողջապահության նախարարության կայքում տեղադրված տեղեկատվությունը միայն վրացերեն է և չի թարգմանվում էթնիկ փոքրամասնությունների լեզուներով։
«Կանանց առողջապահական ծառայությունների հասանելիության բարձրացման ապահովում և պաշտպանություն» թեմայով այժմ տեղում նախագիծ է իրականացնում «Ջեներեյշն Այս» հասարակական կազմակերպությունը՝ Մարի Միկոյանի գլխավորությամբ, «Քաղաքացիական հավասարության» հարթակի հետ համատեղ։
Առաջին փուլում նախագիծը նախատեսում է տեղեկատվական հանդիպումներ անցկացնել առողջապահության պետական ծրագրի մասին իրազեկվածության բարձրացման նպատակով։ Նման հանդիպումներ արդեն տեղի են ունեցել Ախալքալաքում և Ախալքալաքի մունիցիպալիտետի 2 գյուղերում՝ Վաչիանում և Կարտիմակում, ինչպես նաև Ախալցիխեում և Նինոծմինդայում։ Բոլոր 5 հանդիպումներին մասնակցել է ավելի քան 100 կին։
Ծրագրի երկրորդ փուլում Սամցխե-Ջավախեթիում բնակվող կանայք անվճար հետազոտվելու հնարավորություն կստանան:
Միկոյանը նշում է, որ նախագծի շրջանակներում նախատեսվում է գյուղերից 300-ից 400 կանանց հետազոտություն։
«Ապրիլի երկրորդ կեսին «Մամոմոբիլ»-ով Ախալքալաք կժամանի 7-8 բժիշկ` գինեկոլոգներ, մամոլոգներ, էնդոկրինոլոգներ, որոնք պետական սքրինինգ ծրագրի շրջանակներում տեղացիների համար կանցկացնեն կրծքավանդակի քաղցկեղի, արգանդի վզիկի, հաստ աղիքի անվճար հետազոտություններ»։
Կազմակերպության ղեկավարն ընդգծում է, որ հետազոտության արդյունքում որևէ խնդիր հայտնաբերելու դեպքում կուղղորդեն տեղացիներին՝ բուժման նպատակով կլինիկաներ դիմելու հարցում։