Վրաստանում 150-ից ավելի դպրոց 2024-2025 ուսումնական տարին իր դպրոցի մասնաշենքում չի սկսի: Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության՝ Վրաստանում կա 2086 հանրակրթական դպրոց, որոնց 8 տոկոսն ուսումնական պրոցեսը սեփական մասնաշենքում չի սկսի:
Դպրոցների մի մասը կառուցման փուլում է, իսկ մյուսները վերականգնվում են: Հայտնի չէ, թե քանի երեխա պետք է շարունակի ուսումը մեկ այլ դպրոցի շենքում: Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության (ԿԳԵ) նախարարությունը պատգամավոր Անա Նացվլիշվիլիին ուղղված պաշտոնական նամակում նշել է, որ հստակ թիվը հայտնի կդառնա ուսումնական տարվա սկզբից հետո։
«Ընթացող ենթակառուցվածքային միջոցառումների արդյունքում նոր ուսումնական տարում 2024-2025 ուստարվա մեկնարկի համար կորոշվի ժամանակավորապես այլընտրանքային տարածք տեղափոխված աշակերտների և տրանսպորտից օգտվողների թիվը»,- պատասխան նամակում գրել է ԿԳԵ նախարարի պաշտոնակատար Գելա Գելաձեն։
2024 թվականի սեպտեմբերի 3-ի դրությամբ 214 հանրակրթական դպրոցի շինարարական ամբողջական վերականգնողական աշխատանքներ էին ընթանում։ Կրթության նախարարության հաշվարկով՝ շուրջ 40 հանրակրթական դպրոցներում աշխատանքներն աստիճանաբար կավարտվեն մինչև ուսումնական տարվա սկիզբը։
Ի դեպ, Վրաստանում ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 16-ին: