Հունվարի 25-ին Թբիլիսիի Հովհաննես Թումանյանի տուն-գիտամշակութային կենտրոնում կայացավ հայ մեծն կոմպոզիտոր, դաշնակահար և մանկավարժ Առնո Բաբաջանյանի 104-ամյակին նվիրված միջոցառում:
Միջոցառմանը հնչեցին Բաբաջանյանի հայտնի ստեղծագործությունները, այդ թվում՝ «Էլեգիա», «Հարսնացուն հյուսիսից», «Երևան» և այլն:
Բաբաջանյանի ստեղծագործությունները կատարեցին ինչպես Հայաստանից ժամանած երաժիշտները, այնպես էլ Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնի և «Հայարտուն» գրական մշակութային հասարակական կազմակերպության արտիստները:
Երեկոյին ներկա էր Առնո Բաբաջանյանի որդին՝ Արա Բաբաջանյանը, ով նաև Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի ղեկավարն է.
«Մենք 1991 թվականից սկսած ամեն տարի կազմակերպում ենք երեկո՝ նվիրված հայրիկիս ծննդյան օրվան: Երբեմն այդ երեկոները ավելի մեծամասշտաբ են լինում: Ես իմ պարտքն եմ համարում միշտ հնչեցնել հորս ստեղծագործութունները, քանի որ ինչպես ասում են՝ մարդն ապրում է այնքան, քանի դեռ նրան հիշում են», — «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ընդգծեց Արա Բաբաջանյանը:
Նրա խոսքով՝ մշակույթը պահպանելը անչափ կարևոր է, ինքն էլ հենց դա է անում.
«Ես շատ եմ նեղվում, երբ մեզ ասում են, որ մշակույթ չունենք. Հակառակ՝ հայերիս մշակույթը այնքա՜ն հարուստ է: Մենք ունենք հիանալի արվեստագետներ՝ նկարիչներ, երաժիշտներ: Եթե մենք նրանց հիշատակը չպահենք՝ ապա հայ չենք», — հավելեց կրտսեր Բաբաջանյանը:
Առնո Բաբաջանյանի վրաստանյան հանրային հիմնադրամի տնօրեն Թամազ Կղիփիանին «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում նշեց՝ շատ կարևոր է նմանատիպ արվեստի երեկոներին երիտասարդների ներկայությունը.
«Առնո Բաբաջանյանի հիշատակի վրաստանյան հիմնադրամը ծառայում է Վրաստանի և Հայաստանի երաժիշտների և արվեստագետերի համար ավելի ամուր և մտերիմ կապերի ստեղծմանը: Անչափ կարևոր է երիտասարդների ներգրավվածությունը: Մենք ստեղծել ենք հիմնադրամի «Ընկերների ակումբ» և շատ երկրներից, որտեղ ապրում է հայ բնակչություն՝ զանգահարում են և ցանկություն հայտնում դառնալ այդ ակումբի անդամ: Սա միանշանակ ավելի ամուր է դարձնում երկրների միջև կապը՝ իհարկե՝ արվեստի միջոցով», — ասաց Կղիփիանին:
Հովհաննես Թումանյանի տուն-գիտամշակութային կենտրոնի էքսկուրսավար Գոհար Մխիթարյանը (Մազմանյան), ով նաև վարում էր Բաբաջանյանին նվիրված երեկոն, «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում իր ուրախությունը հայտնեց, որ Բաբաջանյանին նվիրված երեկոն հենց Թումանյանի տանն է կայացել.
«Անչափ հաճելի է, որ այս երեկոն կայացավ հենց Հովհաննես Թումանյանի գիտամշակութային տան հարկի տակ, քանի որ Բաբաջանյանի ստեղծագործությունները՝ ինչպես Թումանյանինը, մինչև օրս շոյում են յուրաքանչյուր հայի ականջ: Ցանկացած հայ, աշխարհի որ ծայրում էլ լինի՝ ոգևորվում է Բաբաջանյանի երաժշտությունը լսելիս», — ընդգծեց Մխիթարյանը:
Նրա խոսքով՝ երեկոն նաև հատկանշական էր, քանի որ տարեցների հետ միասին, ովքեր բազմիցս են լսել Բաբաջանյանի երաժշտությունը, միջոցառմանը ներկա էին նաև երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ, որոնք վրաց-հայկական մշակույթի պահպանման և ամրապնդման գրավականն են՝
«Հուսամ, որ հենց երիտասարդներով կշարունակվի Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների աշխարհը», — ասաց Մխիթարյանը: