Արմենուհի Պոդոսյանը տնօրենների քննությունը հաղթահարելու մասին

Թբիլիսիի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի հայագիտության բաժնի շրջանավարտ Արմենուհի Պոդոսյանը, որ որպես ուսուցիչ դասավանդում էր Օրոջալար գյուղի հանրային դպրոցում, տնօրենների քննության արդյունքում նշանակվել է նույն դպրոցի տնօրեն։ Արմենուհին նշում է, չնայած այս աշխատանքում իրեն երբևէ չի տեսել, սակայն ոգևորված է անել առավելագույնը։

Արմենուհի Պոդոսյանը ԹՊՀ-ի հայագիտության բաժին ընդունվել է 2012 թվականին, ուսանողական տարիներին ստաժավորում է անցել երկու պետական մարմիններում, նախ՝ մշակույթի նախարարությունում, այնուհետև՝ Ազգային գրադարանում։ Մինչ տնօրեն դառնալը Պոդոսյանը որպես վրաց լեզվի ուսուցչուհի դասավանդում էր Նինոծմինդայի Օրոջալար գյուղի հանրային դպրոցում։

«Ալիք Մեդիայի» հետ հարցազրույցում Արմենուհին կիսվում է տնօրենների քննություններին մասնակցելու՝ այն հաղթահարելու իր փորձով։

«Տնօրենների քննություններին մասնակցել եմ երկու փուլով, երկու մասն էլ հաղթահարել եմ․ որպես տնօրենի թեկնածու իմ տվյալներն ուղարկվել են այն դպրոց, որտեղ ես աշխատել եմ։ Քննական հարցերը վերաբերում էին ինչպես դպրոցի մասին օրենսդրությանը, այնպես էլ մանկավարժությանը։ Կարծում եմ լավ պատրաստվելու դեպքում տնօրենի քնությունը հաղթահարելի է», — ասում է նա։

Մտավախությունների, հնարավոր մարտահրավերների մասին Պոդոսյանը նշում է․

«Մարտահրավերների բախվել եմ թե տնօրեն դառնալու փուլերի ընթացքում, թե արդեն աշխատանքի անցնելուց հետո։ Բնականաբար, շատ պատասխանատու գործ է․ կառավարել մի ամբողջ դպրոց, մի ողջ կոլեկտիվ, աշակերտներ, ովքեր ունեն տարբեր ունակություններ, բնավորություններ և հետաքրքրություններ, սակայն փորձում եմ ամեն ինչ անել՝ հաղթահարելու խնդիրները»։

Երիտասարդ տարիքում հեշտ չէ ղեկավարել դպրոցը, — խոստովանում  է նա և շարունակում․ «մեծ աշխատանք է պահանջվում, բայց կարծում եմ՝ կստացվի»։ Արմենուհի Պոդոսյանն ասում է, որ տնօրեն դառնալու մասին պատկերացումներ ունեցել․

«Դպրոցում ես ինձ տեսել եմ, սակայն, երբևէ տնօրեն դառնալու մասին պատկերացումներ չեմ ունեցել, ոչ ուսանողական տարիներին, ոչ էլ դրանից հետո։ Բայց պետք է նշեմ, որ հիմա էլ ուսանողական տարիների փորձը և գիտելիքը, ստաժավորումները շատ են օգնում»։

Հատկանշական է, որ հանրակրթական դպրոցների տնօրենների քննության առաջին փուլը մեկնարկել էր 2023 թվականի հունվարի 22-ին։ Թեստը հաջող հանձնած թեկնածուներն անցան ատեստավորման հաջորդ փուլ, որը անցկացվեց հարցազրույցի ձևով։