Հուլիսի 12-ին Վրաստանի հետաքննական լրատվամիջոց ifact.ge-ն հերթական հետաքննական հոդվածը հրապարակեց հուլիսի 5-ի իրադարձություններում ռադիկալ խմբերի առաջնորդներից ևս մեկի՝ Էմրե Քուչուքի մասին: Հոդվածը կրում է հետևյալ վերնագիրը՝ «Էմրե Քուչուքը՝ նույն ինքը Սուրեն Դանելյանը»: Այսպիսով, հոդվածում մանրամասն ներկայացված էր վերոնշյալ անձի մասին տեղեկություն առ այն, որ տարիների ընթացքում իր գործունեությունը լազ լինելու վրա կառուցած անձն իրականում տարիներ առաջ անուն ազգանունը փոխած Սուրեն Դանելյանն է: Հոդվածը ոչ միանշանակ ընկալվեց հանրության կողմից, հատկապես՝ հայաստանյան սոցիալական ցանցերում:
Որոշները գտան, որ «վրացիները փնտրել են ռադիկալների շարքում ու մի հայ գտել, որ ողջ մեղքը կոտրվի հայերի վրա», որոշները նյութն արմենոֆոբ բնույթի համարեցին` հայտարարելով, որ մտավախություն ունեն, թե նյութին կհետևի հերթական արմենոֆոբ ալիքը:
Ո՞վ է Էմրե Քուչուքը
Լինելով Վրաստանում հայտնի ապատեղեկատվություն տարածող ու Ռուսաստանի հետ կապեր ունեցող «Ալտ-ինֆո» լրատվամիջոցի մեդիադեմքերից մեկը, ով բավականին մեծ լսարան ուներ ֆեյսբուքում (մինչև նրա հաշիվների արգելափակումը ֆեյսբուքի կողմից), Քուչուքը բազմիցս ատելության խոսքով է հանդես եկել ցանկացած տեսակի փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի դեմ: Քուչուքը հանդես էր գալիս Ալտ-դոմինանտ անվամբ ու հաճախ տարածում հոմոֆոբ, քսենոֆոբ, սեքսիստական ու խտրական ուղերձներ:
Ի՞նչ է գրված հոդվածում
Հոդվածում ifact.ge-ն գրում է, որ Էմրե Քուչուքն այն անունը չէ, որ նա կրում է ծննդյան պահից ի վեր: Նրա անունն ու ազգանունը պաշտոնապես փոխվել են 2011 թվականին, ինչը Վրաստանում խնդիր չի հանդիսանում: ifact.ge-ի տվյալների համաձայն, տվյալ անձի նախնական անունը եղել է Սուրեն Դանելյան:
Նյութի վերջում հեղինակն ավելացնում է. «Հարցը նրանում չէ, թե որ էթնոսին է պատկանում Քուչուքը, հարցն այն է, որ նա ստում է իր հետևորդներին ու առասպելներ ստեղծում, որը մարդկանց մոտ ավելի շատ էմոցիաներ է առաջացնում»:
Արմենոֆոբիայի հիմք, թե՞ հարված ռադիկալներին
Թեմայի հետ կապված Ալիք մեդիան կապ է հաստատել ifact.ge-ի համահիմնադիր, գլխավոր խմբագիր Նինո Բաքրաձեի հետ: Բաքրաձեն մեզ հետ զրույցում ասում է, որ հոդվածը չի կրում հակահայկական միտում, տեքստում որևէ տեղում չի նշվում «հայ» բառը, իսկ վերջում բացատրություն կա: Թեև մեկ ու կես տարի առաջ արված հետաքննությունը հրապարակելուց առաջ քննարկել են ու հաշվի առել նաև հարցի նրբությունը:
«Եթե պարզվեր, որ նա Կախեթիի վրացի է, նյութը միևնույնն է կհրապարակվեր: Բացարձակ կարևոր չէ նրա էթնիկ պատկանելիությունը: Հարցը նրանում է, որ այս անձն իր ողջ կարիերան, լսարանն ու աջակցությունը ստացել է իր լազ լինելու շնորհիվ: Հենց լազերը էմոցիապես նուրբ թեմա են, ու հատուկ ծառայությունների միջոցով, շահարկելով այս թեման տվյալ անձը վարում է իր գործունեությունը: Այսպես, նա նաև հայերի դեմ է արտահայտվել բազմիցս»։
Բաքրաձեն նշում է, որ նյութի նպատակը Քուչուքի դիմակը պատռելն էր, ու նրա լսարանին ցույց տալը, որ իրենց ստում են, հույս հայտնելով, որ գուցե իշխանությունն ուշադրություն դարձնի որոշ հատուկ ծառայությունների՝ հատուկ նպատակներով Վրաստանում գործող ուժերի վրա: