Այսօր առավոտից Գումբուրդո գյուղի դպրոցի տնօրենի աշխատասենյակի դուռը փակ է: Գյուղում մտածում են, որ Արմեն Պոլորչյանը բողոքի ակցիաների ճնշման ներքո հեռացել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հաղորդում է Jnews-ը:
Սեպտեմբերի 24-ի առավոտյան Գումբուրդո գյուղի բնակիչները Ախալքալաքի կրթական ռեսուրս կենտրոն են ներկայացրել իրենց դժգոհությունները: Գյուղի դպրոցում դաս չեն անում, այստեղ աշակերտներն ու ծնողները պահանջում են տնօրենի հրաժարականը: Բնակիչների խոսքերով, տնօրենը տարբեր մարդկանց անուններով հավաքարարի դրույքներ է գրել, փոխարենը աշակերտներն են մաքրել դասասենյակները:
«Տնօրենը խոստովանում է, որ բենզինի ծախսերի համար է դա արել: Մեր պահանջն է, որ նա հեռանա տնօրենի պաշտոնից: 3 աշխատավարձի փող գրպանն է դնում: Ավելի լավ է ամեն օր գա, ես իրեն 10 լարի բենզինի փող տամ, քան դպրոցի, աշակերտների համար նախատեսված գումարը վատնի», – ասում է աշակերտների ծնողներից մեկը:
Գյուղի մեկ այլ բնակիչ ասել է. «Մեր դպրոցն ընտանեկան բիզնեսի են վերածել, ինչպես կարող են նման բան անել ու դեռ անամոթաբար նայել մարդկանց աչքերին: Պարզվում է հավաքարարը դպրոցի դասատուներից է, մարդը փողկապով դասի է գնում գալիս: Ամոթ է ասել, բայց տեղեկատվական հարցերով կառավարիչը տնօրենի կինն է, ով նույնիսկ մեր դպրոցի աստիճանների տեղը չգիտի»:
Ախալքալաքի շրջանային ժողովի պատգամավոր Աշոտ Սահարյանը կատարվածը խայտառակություն է համարում. «Մի ամիս առաջ խնդրեցինք, որ խելոք հեռանա տնօրենի պաշտոնից, վրացերեն գիտի, թող մնա դասատու աշխատի դպրոցում, բայց հրաժարվեց»:
Շուրջ 20 տարի վթարային վիճակում գտնված դպրոցն այս տարեսկզբին գումբուրդոցիների առջև դռները բացեց նոր, վերանորոգված, հարմարավետ շենքում, որը նվիրել է համագյուղացի բարերարը: Գումբուրդո գյուղի բնակիչները ասել են, որ ամաչում են՝ բարերարը գյուղ է եկել, սակայն դպրոց չի մտել.
«Ցանկացել է դպրոց այցելել, հասել է մինչև դարպասների մոտ, սակայն տեսնելով բակի անխնամ վիճակը, ձեռքը թափ է տվել և հեռացել: Մարդն ազդվել է դպրոցում տիրող վիճակից: Պատկերացնում եք մարդը միլիոններ է ծախսել և գյուղին դպրոց է նվիրել, բայց այսօր հիասթափված է»:
Ախալքալաքի կրթական ռեսուրս կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանը հրաժարվել է հարցի շուրջ մեկնաբանություն անել։
Երեկ առավոտյան ժամերին դպրոցում դաս չէր ընթանում, աշակերտների մի մասը բակում խաղում էր, իսկ մյուս մասն էլ համագյուղացիների հետ տնօրենի սենյակում պահանջում էին նրա հրաժարականը, այդ ընթացքում դպրոցի բակում խաղացող երեխաները գոռում էին՝ «Արմեն, հեռացիր, Արմեն, հեռացիր»:
Արմեն Պոլորչյանն արդեն 3-րդ տարին է զբաղեցնում է Գումբուրդո գյուղի դպրոցի տնօրենի պաշտոնը: Նա հերքում է բոլոր մեղադրանքները:
«Սուտ է, ես փաստաթուղթ ունեմ, աշխատողների համար էլ, ով որ աշխատել է, ում մասին խոսում են, նրանք վարձատրվում են իրենց կատարած աշխատանքի դիմաց»:
Այսօրվա դրությամբ գյուղի դպրոց է հաճախում 310 աշակերտ: 30-ն առաջին դասարանցի են: Աշակերտների ծնողները դժգոհում են, որ իրենց դպրոցում կրթական մակարդակը ցածր է․ նույնիսկ շրջանավարտների մեծ մասը ավարտական վկայական չի ստացել:
«Դա այդպես չէ, կրթական մակարդակը ցածր չէ, աշակերտ կա մեկ առարկայից է կտրվել, դա չի նշանակում, որ կրթական մակարդակը ցածր է, 8 առարկայից, եթե մեկը կտրվում է: 26 ավարտական ենք ունեցել, ու ատեստատ չեն ստացել մոտավորապես 19 աշակերտ»,- նշել է դպրոցի տնօրեն Արմեն Պոլորչյանը:
Նշենք նաև, որ այսօր արդեն դպրոցի տնօրենը վստահեցրել է, որ ինքը հրաժարականի դիմում չի գրել և շուտով դպրոցում կլինի:
«Ես ռեսուրս կենտրոնում եմ, եկել էի աշակերտներիս համար գիրք ստանալու: Հիմա արդեն գյուղ եմ գնում, հրաժարականի դիմում չեմ գրել»,- Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասել է Գումբուրդո գյուղի դպրոցի տնօրեն Արմեն Պոլորչյանը: