ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխանցմամբ` Վրաստանի արքեպիսկոպոս Իակոբ Բոդբելը «Զարգացման և ժողովրդավարության կենտրոն» (CDD) հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Քեթի Չաչավանի հետ հոկտեմբերի 3-ին հանդիպելու է պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջիմ Օ’Բրայենին։
Արդեն մի քանի տարի է, ինչ CDD-ն ապահովում է վրաց հոգևորականների այցելությունները Վաշինգտոն, որտեղ նրանք մասնակցում են տարբեր համաժողովների և միջոցառումների: Նրա հիմնական աջակիցն է National Endowment for Democracy (NED) ամերիկյան հիմնադրամը։ Ներկայումս կազմակերպությունն իրականացնում է «Ժողովրդավարական գաղափարների և արժեքների խթանում կրոնական համայնքներում» նախագիծը։
Ուշագրավ է, որ NED-ը բազմիցս քննադատության է ենթարկվել Վրաստանի իշխանությունների կողմից։ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ NED-ի նախագահ Դեյմոն Վիլսոնն աջակցում է ոչ կառավարական կազմակերպություններին վրացական իշխանությունների դեմ պայքարում։
Հիշեցնենք, որ Օ’Բրայենը Վրաստանում էր այս տարվա մայիսին։ Մայիսի 13-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել էր, որ իշխող կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել Օ՛Բրայենի հետ։ Ըստ նրա` մերժման պատճառն Իվանիշվիլիի նկատմամբ դե ֆակտո կիրառված պատժամիջոցներն են։ Խոսքն այն գումարի մասին է, որն Իվանիշվիլին վիճարկում է Credit Suisse-ի հետ։
Հոկտեմբերի 1-ին ԱՄՆ դեսպանատան տեղեկատվությանն ի պատասխան հրապարակված հայտարարության մեջ Իվանիշվիլին ամերիկացի պաշտոնյաների հետ հանդիպումից հրաժարվելու պատճառ էր նշել «գլոբալ պատերազմի կուսակցության» ազդեցությունն իրենց վրա։