Փոթիի նավահանգստում վրացի իրավապահները բեռնատար են կանգնեցրել, որում հայտնաբերվել է 80 կիլոգրամ «հերոին» տեսակի թմրամիջոց։
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տարածած հաղորդագրության համաձայն, այդ բեռնատարը Իրանից Հայաստանի տարածքով մտել է Վրաստան և հասել Փոթիի նավահանգիստ։
«Քննությամբ պարզվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի մեղադրյալը նպատակ է ունեցել Իրանից Հայաստանի և Վրաստանի տարածքով Եվրոպա տեղափոխել առանձնապես խոշոր չափի թմրամիջոց: Նա փորձել է վերը նշվածն իրականացնել Վրաստանի ծովային նավահանգիստներից մեկով, ինչի ժամանակ էլ ձերբակալվել է»,- հայտնել են ՆԳՆ-ից
Ըստ ՆԳՆ-ի՝ 1961 թվականին ծնված Իրանի քաղաքացուն սպառնում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում, գործը քննվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 260 և 262 հոդվածներով։
«Փոթիի նավահանգստում հայտնաբերվել է մեղադրյալի վարած բեռնատարը: Տրանսպորտային միջոցի խուզարկությամբ՝ կցասայլի հետևի երկու դռներից, հատուկ պատրաստված թաքստոցից որպես ապացույց վերցվել է 315 տուփ 80 կիլոգրամ քաշով «հերոին» տեսակի թմրամիջոց», — նշված է ՆԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում: